Նախարարի պարզաբանումը՝ բարձր տոկոսադրույքներով եվրոբոնդեր թողարկելու մասին
Օրերս կառավարությունը 750 միլիոն դոլարի եվրոբոնդեր է թողարկել բավական բարձր՝ 7.1% տոկոսադրույքով։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ֆինանսների նախարարի պաշտոնն զբաղեցնող Վահե Հովհաննիսյանը, «Ինչո՞ւ է տոկոսադրույքն այսքան բարձր հարցրին», պատասխանեց․ «Իհարկե բարձր տոկոսով պարտք վերցնելը ավելի քիչ ձեռնտու է քան ցածր տոկոսով, սա պարզ տրամաբանություն է. նախկինում, երբ որ մենք թողարկել ենք եվրոբոնդեր, մասնավորապես վերջին անգամ 2021 թվականին, այն ժամանակ միջազգային շուկան եղել է ավելի ցածր տոկոսադրույքների պայմաններում»։
«Եթե Եվրոբոնդերից ենք խոսում, ապա այդտեղ ուղենիշային տոկոսադրույքները սահմանվում են ամերիկյան 10 տարանոց պարտատոմսերի նկատմամբ: 2021 թվականին, եթե ես ճիշտ եմ հիշում, այդ ցուցանիշը 1 տոկոսից ցածր էր։ Հիմա նույն այդ ամերիկյան պարտատոմսերը 4.2-4.3 % են կազմում։ Ամեն ինչ պետք է համեմատել այս պարտատոմսի ցուցանիշի հետ: Եթե մենք համեմատում ենք, թե ինչ տոկոսադրույքով ենք թողարկել 2021 թվականին և հիմա, ապա տարբերությունը կազմում է 321 բազիցային կետ։ Այսինքն, որևէ փոփոխություն այս առումով չի եղել:
Ընդ որում, մեզ հետ համեմատվող երկրներում, նույնիսկ ավելի զարգացած երկրներում, այդ տարբերությունը մեծացել է, իսկ մեր մոտ մնացել է նույնը»,-մանրամասնեց նախարարը:
Մեղադրանքներին, թե վերցված պետական պարտքի գումարներով աշխատավարձ ու թոշակ է բաժանվում, Վահե Հովհաննիսյանը հակադարձեց. «Այդ հարցը պետք է տայիք, երբ մենք բյուջե էինք քննարկում, երբ պլանավորում ենք, թե ինչքան հարկ ենք հավաքելու և ինչքան դեֆիցիտ ենք ունենալու: Այդ ժամանակ դուք պետք է ասեիք, օրինակ, ինչի Հայաստանը ունի 5.5% դեֆիցիտ, մենք համաձայն ենք ավելի շատ հարկ վճարենք, որպեսզի այդ դեֆիցիտը լինի ավելի փոքր, կամ ասեիք՝ եկեք այս ուղղությամբ ծախսերը նվազեցնենք, այս ծախսը չանենք, որպեսզի դեֆիցիտը չլինի»:
Նա ընդգծեց, որ եվրոպարտատոմսերի թողարկումը ուղղվելու է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։