ՀՀ-ն 750 մլն դոլար ծավալով, 10 տարի ժամկետով, 7.1% եկամտաբերությամբ նոր պարտատոմսեր է թողարկել

ՀՀ ֆինանսների նախարարությունը Հայաստանի Հանրապետության կողմից նոր եվրապարտատոմսերի թողարկման վերաբերյալ մանրամասներ է հայտնել։

Ըստ տեղեկատվության՝ 2025թ. մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխեց 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1% եկամտաբերությամբ:

Նոր եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը կազմում է 6.75%:

Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է:

Եվրապարտոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով, ներառված է 2025 թվականի փոխառությունների ծրագրում:

Եվրապարտոմսերի թողարկումից ստացված զուտ հասույթը կօգտագործվի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով:

Եվրապարտատոմսերի տեղաբաշխման պայմանները

Թողարկող          Հայաստանի Հանրապետություն

Վարկանիշ          BB- (կայուն) S&P / BB- (կայուն) Fitch / Ba3 (կայուն) Moody’s

Տեղաբաշխված ծավալ              750,000,000 ԱՄՆ դոլար

Գնանշման օր                              2025թ. մարտի 5

Վերջնահաշվարկի օր                2025թ. մարտի 12

Մարման օր                                 2035թ. մարտի 12

Արժեկտրոն                                 6.75%

Տեղաբաշխման գին                   97.524%

Եկամտաբերություն                  7.1000%

ԱՄՆ 10տ. Ուղենշ                     4.675% (2035թ. փետրվարի 15)

Շեղումը ԱՄՆ 10տ. ուղենշի նկատմամբ     286 բ.կ.

Ցուցակում Լոնդոնի բորսա

Սույն հայտարարության մեջ նշված պարտատոմսերը չեն գրանցվել և չեն գրանցվելու ԱՄՆ Արժեթղթերի մասին 1933թ. օրենքի համաձայն և չեն կարող առաջարկվել կամ վաճառվել ԱՄՆ-ում՝ բացառությամբ գրանցման պահանջից ազատման կիրառելի դեպքերի: