Ակցիայի մասնակիցները նամակ-խնդրագիր հանձնեցին Շվեյցարիայի դեսպանատանը
ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան մոտ իրականացվող ակցիայի մասնակիցները նամակ-խնդրագիր հանձնեցին Շվեյցարիայի դեսպանատանը՝ Շվեյցարիայի խորհրդարանի Վերին պալատի անդամներին կոչ անելով ընդունել Ստորին պալատի ընդունած բանաձևը, որով կառավարությանը կոչ է արել կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված միջազգային համաժողով։
«Արցախից բռնի տեղահանված 150 000 քաղաքացի ամեն օր երազում է իր հայրենի տուն վերադառնալու մասին ու Ստորին պալատի ընդունած բանաձևն իրենց հույս է տվել, որ դա հնարավոր է իրականություն դարձնել»,–նշված է նամակում։
Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը հույս հայտնեց, որ Շվեյցարիայի դեսպանը կաջակցի այդ բանաձևի ընդունմանը, որն առաջարկում է երկխոսության հարթակ՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության ուղղված կարևոր քայլ։ «Տարբեր ուժեր, ինչպես դրսում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, փորձում են ներկայացնել իրավիճակն այնպես, որ Ղարաբաղի հարցը փակված է, նման հարց ընդհանրապես չկա, ինչին մեր վճռական անհամաձայնությունն ենք հայտնում։ Մենք պայքարել ու պայքարելու ենք մեր պատմական հայրենիք մեր հավաքական վերադարձի համար»,-ասաց Բաղունցը։
«Եթե Շվեյցարիայի խորհրդարանի Վերին պալատը ևս ընդունեց բանաձևը, այն օրենքի ուժ կստանա, ինչը նշանակում է, որ Շվեյցարիայի կառավարությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի բանաձևով ամրագրված պարտավորությունները կատարելու համար»,–հավաքի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

