Ժամանակն է մարդու իրավունքները վեր դասել էժան նավթից ու գազից. ԵԽ պատգամավոր

Եվրոպական խորհրդարանում Պորտուգալիան ներկայացնող պատգամավոր Կատերինա Վիեյրան հայտարարել է, որ Եվրամիությունը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները շարունակվեն սովորականի պես և զոհաբերել եվրոպական արժեքները՝ հանուն տնտեսական և էներգետիկ շահերի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պատգամավորը հայտարարել է Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի քննարկման ժամանակ։

Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանում մարդու իրավունքների խորը ճգնաժամ է տիրում, քանի որ երկրի կառավարությունը խիստ սահմանափակումներ է մտցրել խոսքի, հավաքների և միավորումների ազատության վրա և իրավապահ համակարգին զինել է իր քննադատների դեմ:

«Բաքվում պահվող հայերն այն խմբերից են, որոնք ամենաշատն են տուժել այս կառավարության քաղաքականությունից։ Դաժան վերաբերմունքը համատարած է, իսկ արդար դատավարությունները պատրանք են դարձել Ադրբեջանում»,-ընդգծել է պատգամավորը։

Նա դրական է համարել, որ Եվրախորհրդարանը հետևողականորեն անդրադառնում է այս իրավիճակին։

«Ցավալիորեն, սակայն, թվում է, որ Եվրախորհրդարանը Եվրոպական միության միակ ինստիտուտն է, որն անում է դա: Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները շարունակվեն սովորականի պես և զոհաբերել մեր արժեքները՝ հանուն տնտեսական և էներգետիկ շահերի։ Դա ոչ միայն կեղծավորություն է, այլ նաև կախվածություն է առաջացնում՝ մեզ խոցելի դարձնելով շանտաժի համար: Մենք դասեր չե՞նք քաղել Ռուսաստանից մեր ունեցած նախկին կախվածությունից։ Ժամանակն է մարդու իրավունքները վեր դասել էժան նավթից ու գազից»,-իր ելույթում ընդգծել է Կատերինա Վիեյրան։