Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ղազախ գործընկերոջը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
Ղազախստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է այդ երկրի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուի հետ։
Ինչպես տեղեկացրել է APA-ն, ի թիվս այլ հարցերի, «բարձր է գնահատվել խաղաղ գործընթացում ղազախական կողմի մշտական աջակցությունը»։ Միաժամանակ, ադրբեջանցի նախարարը, նշելով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ երկկողմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված հաջողությունները, ասել է, որ «հիմնական խնդիրը մնում է Հայաստանի Սահմանադրության և մի շարք օրենսդրական ակտերում մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջների պահպանումը, ինչպես նաև Մինսկի խմբի պահպանման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը»։
Հանդիպմանը նաև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։ Հանդիպման ավարտին Ադրբեջանի և Ղազախստանի արտգործնախարարները ստորագրել են 2025-2026թթ. գործողությունների պլանը։

