Փաշինյանը «Չկա հայ՝ չկա խնդիր» ձևակերպումը հակառակ կողմից է իրականացնում․ Չկա հայկական խնդիր՝ չկա հայ
Դե ինչ, ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն աշխատանքից ազատման դիմում գրելու իր թույլ հիմնավորմամբ, թե իբր մտադիր է գիտական ու մասնագիտական գործունեությամբ զբաղվել, թերևս խոստովանեց, որ միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցերը հետ կանչելու Փաշինյանի պահանջն է նրան դրդել նման քայլի։ Հիշենք, որ Եղիշե Կիրակոսյանը նախկինում իր հարցազրույցներում անդրադառնալով Ադրբեջանի նման պահանջին, որը ներառված է խաղաղության պայմանագրի դեռևս չհամաձայնեցված կետերից մեկում, համոզմունք է հայտնել, որ Հայաստանի հայցերը որևէ ձևով չեն կարող խոչընդոտել խաղաղության հաստատմանը, և այդ երկու գործընթացները միմյանց որևէ ձևով չեն խանգարում։ Այնինչ Փաշինյանը բոլորովին այլ կարծիքի է։ Նախորդ հոդվածում արդեն առիթ ունեցել ենք մեջբերել նրա խոսքերը դեռևս 2024 թվականի դեկտեմբերին «Արմենպրես»–ին տված հարցազրույցում․ Փաշինյանը նշել էր, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում հայցերի հետքաշումը տրամաբանական է, հետևաբար գաղափարն ընդունելի է հայկական կողմի համար: Փաստորեն Եղիշե Կիրակոսյանի հեռանալը կարելի է ահազանգ համարել, որ ՀՀ իշխանությունն արդեն այդ հարցում զիջումների է գնալու՝ միակողմանի։
Իսկ ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար Փաշինյանի նման անհեռատես քայլը ապագայում, երբ Աստծո բարեհաճությամբ Հայաստանը վերջապես կազատվի թշնամու կամակատար իշխանություններից, և եկող իշխանությունները կփորձեն շտկել սրանց ճակատագրական սխալները։ Իրավապաշտպանների դիտարկմամբ՝ այդ դեպքում Հայաստանը դատապարտված կլինի խաչ քաշել Արցախի խնդրի վրա՝ վերջնականապես հույսը կտրելով երբևէ Արցախը վերադարձնելու հեռանկարից։ Ալիևը խորամանկ խաղացող է, և քաջ գիտակցոմ է, որ վաղ թե ուշ Փաշինյանը կարող է կանգնել դատարանի առաջ որպես ազգային դավաճան, և նրա ընդունած բոլոր որոշումները՝ Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագրի հետ կապված, կարող են չեղարկվել, ու Արցախի հարցը կրկին վերադառնա միջազգային բանակցությունների օրակարգ։ Եվ որպեսզի կանխի նման հնարավորությունը՝ նա Փաշինյանի առաջ խնդիր է դրել հրաժարվելու Ադրբեջանի դեմ բոլոր տարածքային պահանջներից՝ Սահմանադրությամբ հաստատելով, որ Հայաստանը ոչ մի կապ չունի Արցախի հետ։ Այս սցենարի մաս է նաև Հայաստանի համառ պահանջով ԵԱՀԿ ՄԽ լուծարումը՝ դրա անհրաժեշտությունը չլինելու հիմքով։ Դագաղի վերջին մեխը կլինի ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, որով հստակ կամրագվի, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս որևէ հավակնություն չունի Արցախի հանդեպ։
Մինչդեռ Ադրբեջանը պահանջելով, որ Հայաստանը հայցերը հետ վերցնի, ինքը հայցեր է ներկայացնում արբիտրաժային դատարան։ Իսկ դա նշանակում է, որ Ալիևը չի պատրաստվում դադարեցնել իրավական պատերազմը: Հետագայում այս բոլոր գործընթացներն ավարտին հասցնելուց հետո Ալիևը միջազգային հարթակում Հայաստանը հռչակելու է որպես օկուպանտ, որը Ադրբեջանի տարածքը տասնյակ տարիներ զավթած պահելով՝ անօրինականորեն շահագործել է այն ու մեծ վնասներ հասցրել Ադրբեջանին՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական, բնապահպանական, դեմոգրաֆիական։ Փաշինյանին էլ այդ հարցում որպես գլխավոր վկա է հռչակելու՝ վստահ լինելով, որ նա Հայաստանի դեմ ցուցմունքներ կտա։ Արդեն իսկ Արցախի մասով այդ ցուցմունքը Փաշինյանը հոժարակամ տվել է՝ ասելով, թե Արցախը ադրբեջանական տարածք է։ Ինչը կխանգարի նրան հայտարարելու, թե Արցախի հայ բնակչությունը պարզապես ներխուժել էր այնտեղ ու գրավել ադրբեջանցիների ունեցվածքը՝ ամբողջ արցախցիներին իբրև հանցագործներ հանձնելով Բաքվի դատարաններին։ Արդեն իսկ այդ տխուր փորձառությունը կա Արցախի ռազմաքաղաքական վերնախավի հետ կապված։ Միջազգային դատարաններից հայկական հայցերի հետկանչը հենց դրա մասին է․ եթե Հայաստանը հայց չի ներկայացնում Արցախի հայ բնակչության իրավունքների ոտնահարման, տեղահանության վերաբերյալ, նշանակում է հերքում է, որ նման բան է եղել և Ալիևին հուսադրում, որ արցախցիների՝ իրենց բնօրրան վերադարձի հարց այլևս երբեք օրակարգ չի դառնա։ Փոխարենը նույնաբովանդակ հայցերով Ադրբեջանը կողողի միջազգային դատարանները՝ ադրբեջանցի փախստականնեին իրենց իբրև բնիկ տարածքները վերադարձնելու և նրանց փոխհատուցումներ վճարելու պահանջներով։
Միջազգային ատյաններին Հայաստանի ներկայացրած հայցերը, պահանջները, Ադրբեջանի դեմ դիմումները հետագայում ՀՀ-ին քաղաքական, դիվանագիտական մանևր անելու հիմք է, երբ միջազգային ատյանների նկատմամբ վստահությունը վերականգնվի, այդ ատյանները վերագտնեն իրենց հեղինակությունն ու ազդեցությունը, Հայաստանի կողմից ներկայացված հայցերի հիման վրա ստացած որոշումներն ու փաստաթղթերը Ադրբեջանի պատմության մեջ դամոկլեսյան սրի ազդեցություն կունենան և կստիպեն սերունդներին հաշվի նստել Հայաստանի նկատմամբ պարտավորությունների հետ։ Այդ փաստաթղթերը նաև բանակցային գործընթացներում կարող են հաղթաթուղթ դառնալ մեզ համար։
Ադրբեջանի հանցագործությունների, անօրինությունների, վայրագությունների մասին դատական հայցերը հետ կանչելուն զուգահեռ՝ Փաշինյանի վարչակարգն ակտիվորեն աշխատում է նույնանման գործընթացներ իրականացնել Հայոց Ցեղասպանության, պահանջատիրության առնչությամբ՝ աշխարհին ներկայացնելով, թե որևէ Ցեղասպանություն ու բռնի տեղահանություն, հայրենազրկում չի եղել, Թուրքիան էլ քաղաքակիրթ պետություն է, որը չէր կարող նման ոճրագործություն թույլ տալ։ Փաշինյանն այնքան է հանդգնել, որ նման բովանդակությամբ ելույթները սովորական են դարձել իր ու իր խմբակի պաշտոնյաների համար անգամ Սփյուռքում, որը մեծ մասամբ ձևավորվել է Ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցների միջոցով։
Թագուհի Ասլանյան