Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի թաեքվոնդոյի մարզիկները հաղթել են Վազգեն Սարգսյանի հուշամրցաշարում
Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ գյուղերի Օլիմպիական թաեքվոնդոյի մարզիկները, ցուցաբերելով կամք, մարտական ոգի և նվիրում, փառավոր հաղթանակով վերադարձան Սևանում անցկացված Վազգեն Սարգսյանին նվիրված հուշամրցաշարից։
Մրցաշարի ընթացքում նրանք արժանացան գավաթի, որը հաղթական պարգևի պես հանդիսավորությամբ հանձնեցին Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը։
Հաղթանակը միայն սպորտային ձեռքբերում չէր. այն սիմվոլ էր հայրենիքի հանդեպ անմնացորդ սիրո, պայքարի և անսասան կամքի։
Նման միջոցառումները ոչ միայն զարգացնում են մարզական կարողությունները, այլև ներշնչում են հայրենասիրություն՝ նոր սերնդին դաստիարակելով ուժեղ, ինքնավստահ և հայրենիքի պաշտպանությանը պատրաստ լինելու ոգով։
Հատուկ առիթով Նվիրյալներ Ռազմամարզական հասարակական կազմակերպության նախագահ Արման Գրիգորյանի կողմից Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանին շնորհվեց Վազգեն Սարգսյան շքանշան՝ ի նշան հայրենիքին ծառայելու և ազգային արժեքների պահպանման գործում նրա ներդրման։
Այսպիսի հաղթանակներն ու գնահատման արարողությունները ևս մեկ անգամ հիշեցնում են, որ սպորտն ու հայրենասիրությունը քայլում են կողք կողքի՝ ամրապնդելով հայ ժողովրդի միասնականությունն ու պայքարի ոգին։

