Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է
Այսօր՝ մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, նա կդառնար 66 տարեկան:
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թ. մարտի 5-ին Արարատի մարզի Արարատ գյուղում:
1979 թ. ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը:
1979-1983 թթ. որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում:
1983-1986 թթ. եղել է Արարատի ցեմենտի գործարանի կոմերիտական կազմակերպության քարտուղարը:
1986-1989 թթ. աշխատել է «Գարուն» ամսագրի խմբագրությունում որպես հրապարակախոսության բաժնի վարիչ:
1990-1992 թթ. եղել է «Երկրապահ» կամավորական խմբերի հրամանատար, նաև` ՀՀ Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ:
1992-1993 թթ. ՀՀ առաջին պաշտպանության նախարար, ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, ՀՀ սահմանամերձ շրջաններում ՀՀ նախագահի ներկայացուցիչ:
1993-1995 թթ. ՀՀ պետնախարար:
26.07.1995-25.05.1999 կրկին եղել է ՀՀ պաշտպանության նախարար:
1999-ի խորհրդարանի ընտրություններում Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի ստեղծած «Միասնություն» դաշինքը հաղթեց։
1999 թ. հունիսի 11-ից Վազգեն Սարգսյանը դարձավ ՀՀ վարչապետ:
1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում դարձել է ահաբեկչության զոհ: Թաղված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով:
Շնորհվել է Հայաստանի ազգային հերոս և Արցախի ազգային հերոս բարձրագույն կոչումները:
Անուրանալի է նրա դերը Հայոց ազգային բանակի ստեղծման, հայոց պետականության կերտման գործում:
Ժողովուրդը Վազգեն Սարգսյանին տվել է Սպարապետ պատվանունը:
2000 թ. նրա անունով ՀՀ-ում անվանակոչվել են փողոցներ, դպրոցներ, ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիան:

