Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը՝ «Եռաբլուրում»․ ՈՒՂԻՂ

Այսօր՝ մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, նա կդառնար 66 տարեկան:

Սպարապետի ծննդյան կապակցությամբ հարգանքի տուրք մատուցելու համար «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելում ԵԿՄ ներկայացուցիչները, Սպարապետի զինակիցները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր Եռաբլուր չեն այցելի:

Ծաղիկներ են խոնարհվել նաև զորավար Անդրանիկ Օզանյանի, ինչպես նաև  հանուն հայրենիքի նահատակված զինծառայողների շիրիմներին:

Վազգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ է եղել 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը:

Նա իր ակտիվ գործունեությունն սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին: Եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում մասնակցել է ռազմական գործողությունների՝ մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, ու դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:

Հետպատերազմյան տարիներին Սարգսյանը մնաց զինված ուժերում՝ դառնալով Հայաստանի պատմության հզոր քաղաքական գործիչներից մեկը:

Վազգեն Սարգսյանին տրվել է Սպարապետ պատվանունը, քանի որ մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության, անվտանգության և Հայկական բանակի կայացման գործում:

Շնորհվել է Հայաստանի ազգային հերոս և Արցախի ազգային հերոս բարձրագույն կոչումները:

NEWS.am-ի ուղիղ միացումը