Հայաստանի համար մեծ պատասխանատվություն է հյուրընկալելու COP17 համաժողովը. Միրզոյանը՝ Աստրիդ Շումեյքերին
Մարտի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին։
Նախարար Միրզոյանը շնորհավորել է Աստրիդ Շումեյքերին Հռոմում Կոնվեցիայի կողմերի 16-րդ հանդիպման (COP16) հաջող անցկացման կապակցությամբ, որին ՀՀ պատվիրակությունը ևս ակտիվ ներգրավված էր: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի համար մեծ պատասխանատվություն է հյուրընկալելու հաջորդ՝ COP17 համաժողովը՝ տեղեկացնելով, որ արդեն իսկ ձեռնարկվել են մի շարք քայլեր այն հաջողությամբ անցկացնելու համար:
Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է COP17-ի առանձնահատուկ կարևորությունը՝ հաշվի առնելով, որ այն կլինի Կոնվենցիայի ներքո մշակված Կյունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության համաշխարհային շրջանակի առաջին գլոբալ վերանայումը:
Զրուցակիցները քննարկել են COP17-ի օրակարգի, այդ թվում՝ բովանդակային առաջնահերությունների ձևավորման, ներառականության ապահովման, ինչպես նաև հանրային իրազեկվածության բարձրացման հարցեր:
ԱԳՆ

