Ռուսական անշարժ գույքի շուկայի արքաները՝ 2025-ին. Սամվել Կարապետյանը 2-րդ տեղում է
Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերի թարմացված վարկանշային ցուցակը։ Ցանկում ընդգրկված 30 մասնակիցների ընդհանուր շահույթն ավելացել է 5 ոկոսով ու գրեթե գերազանցել է 7 մլրդ դոլարը։
Այնուամենայնիվ, երկար տարիների ընթացքում առաջին անգամ լավագույն երեսնյակ մուտք գործելու շեմը իջել է մինչև 25 միլիոն դոլար:
Վարկանշային աղյուսակը տարիներ շարունակ գլխավորում է «Киевская площадь» խումբն ու դրա համասեփականատեր Գոդ Նիսանովը։
Աղյուսակի երկրորդ տեղում Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբն է, որի վարձակալության եկամուտը, ըստ հրապարակման, 2024 թվականին կազմել է 685 մլն դոլար։ «Տաշիր»-ը բազմապրոֆիլ հոլդինգ է, որը զբաղվում է բնակարանաշինությամբ և ունի նախագծեր էներգետիկայի ոլորտում։ Ընկերության ընդհանուր եկամուտը 2024 թվականին աճել է 16%-ով՝ հասնելով 260 մլրդ ռուբլու։
Ընկերության տվյալների համաձայն, տարեկան 200 մլն մարդ այցելում է Տաշիրի կողմից ղեկավարվող օբյեկտներ։ Ընկերությունների խմբի կազմում գտնվող «РИО» առևտրի կենտրոններն աշխատում են Ռուսաստանի 15 քաղաքաներում ու Երևանում։
Ցուցակում ևս մեկ հայազգի գործարար կա. 26-րդ հորիզոնականում Balchug Capital-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Դավիթ Ամարյանն է՝ 55 մլն դոլար կարողությամբ։ Ընկերությունների խումբը գործունեություն է ծավալում Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում։ Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարին Balchug Capital հիմնադրամը ֆինն բաժնետերերից գնել էր Սանկտ Պետերբուրգի խոշորագույն բիզնես կենտրոններից մեկը՝ Pulkovo Sky-ը, իսկ ավելի ուշ՝ ամերիկյան ներդրողներից գնել է Մոսկվայի Metropolis առևտրի և զվարճանքի կենտրոնը:

