Մայրենի լեզվի միջազգային օրն է․ ամեն երկու շաբաթը մեկ՝ մեկ լեզու է «մահանում»

1999 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում։

Այսօր աշխարհում լեզուների ապագան անորոշ է, քանի որ միջազգային մի քանի լեզուներ աստիճանաբար ստիպում են մարդկանց հրաժարվել սեփական մայրենի լեզվից:

Երկիր մոլորակի վրա հաշվում են մոտ 7000 լեզու։ Սակայն այդ լեզուների մեծ մասը համարվում է մեռած։ Այսօր մոտ 400 լեզու համարվում է մեռնող լեզու։ Միջին վիճակագրական տվյալներով՝ յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ մի լեզու «մահանում է»։ 40 լեզվով խոսում է Երկրի բնակիչության 2/3 մասը․ մեծ մասը խոսում է չինարեն, հնդկերեն, իսպաներեն, անգլերեն, արաբերեն, ռուսերեն, պորտուգալերեն։ Համեմատաբար լայն տարածում ունի ֆրանսերենը։

Հայերեն խոսում է ավելի քան 6 մլն մարդ ամբողջ աշխարհում։ Հայոց լեզուն լայն տարածում ունի հայկական սփյուռքում, հանդիսանալով ոչ միայն հաղորդակցման միջոց, այլև մշակութային հենասյուն։

Հայոց լեզուն ունի մի քանի հազարամյակների հարուստ պատմություն և համարվում է աշխարհի հնագույն լեզուներից մեկը։ Այն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին, որն ամենատարածվածն է աշխարհում։ Ենթադրվում է, որ այն ծագել է մ․թ․ա․ 5-րդ դարում՝ Հայկական լեռնաշխարհում։

Սիրե՛նք, պահպանե՛նք և անաղա՛րտ պահենք մեր ոսկեղենիկ մայրենին, քանի որ նա մեր լինելիության, մեր պատմության ու մեր ապագայի երաշխիքն է, Նա է անխաթար պահում մեր ազգային ինքնությունն ու դիմագիծը, և, ինչպես Ջորջ Բայրոնն է ասում՝ «Աստծո հետ խոսելու միակ լեզուն է»: