Երկրի ներսում անկառավարելի ու կրիմինալ իրավիճակ է

Հայաստանյան կառավարիչները գրեթե ամենօրյա ռեժիմով հպարտանում են իրենց կողմից իրականացվող «բարեփոխումներով», որոնք իրականում ոլորտային քանդուքարափ է:

Նիկոլի ու իր վարչախմբի «հպարտություն» հանդիսացող ոստիկանական համակարգը, որի վրա լրջագույն միջոցներ են ծախսվում, ամբողջովին ձախողել է երկրի ներքին կյանքի անվտանգության ապահովման գործառույթը, որն, ի դեպ, Սահմանադրությամբ ամրագրված իրենց գլխավոր առաքելությունն է:

Բոլորիս աչքի առաջ ամեն օր (կարող եք քրքրել օրվա լրահոսը) ՀՀ տարբեր համայնքներում, իսկ ավելի շատ Երևանում, տեղի են ունենում սարսափելի աղմկահարույց սպանություններ: Հիմա կասեք՝ դե սպանություն ու հանցագործություն միշտ էլ եղել է, ճիշտ է՝ եղել է, բայց օրը ցերեկով ինքնաձիքով զինված հրաձգությունները խոսում են երկրում գոյություն ունեցող անտերխանայի ու անվերահսկելի բարդակի մասին: Սրան հավելենք տարբեր զինված բանդաների գործունեությունն ու խմբակային խոշոր չափի գողությունները:

Հայաստանը սրանք դարձրել են մի հատ գերվտանգավոր ու ռիսկային հատված, որտեղ օրը ցերեկով փողոցում մարդ են գնդակահարում, մի քանի միլիոնի հասնող գողություններ իրականացվում: Էն, որ կառավարության նիստերին ու ԱԺ հարցուպատասխանին անկապ կատու է ճղում՝ ընդամենն իմիտացիա է, իրականում երկրի ներսում անկառավարելի ու կրիմինալ իրավիճակ է:

Այդ ամենը պայմանավորված է նրանով, որ նշածս «բարեփոխումները», որ ասում ամեն օր թմբկահարում են, վերաբերվում է «բերետների» ու պարեկների կենսապայմաններին, որ նրանք փթթեն. նոր տեխնիկա, մեքենա ու պարգևավճարն են թարմացնում, իսկ քրեական հատվածում բարձիթողի վիճակ է: Դարակներում դրված հարյուրավոր չբացահայտված սպանություններն ու հանցագործությունները, ինչպես նաև թմրամիջոցների շրջանառության երկրաչափական պրոգրեսիայով աճը, վկայում է ասածիս մասին:

Ասեմ՝ Նիկոլին ոստիկանությունը պետք է միայն սեփական աթոռը պահելու, ընդդիմության փողոցային ակցիաները բնում խեղդելու համար, իսկ երկրի ներքին անվտանգության ու մարդկանց կյանքի ապահովության վրա նա թքած ունի:

 Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջից