Մեր դաշինքը ծանրակշիռ մասնակցություն է ունենալու ընտրություններում. Ռոբերտ Քոչարյան
Մեր դաշինքը ծանրակշիռ մասնակցություն է ունենալու բոլոր գործընթացներում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Անդրադառնալով հարցին՝ «սերնդափոխություն կլինի՞ և ձեր որդին կփոխարինի ձեզ», նա պատասխանեց․ «Մենք ֆրակցիայում, ընդհանրապես դաշինքում չենք քննարկել այդ հարցը»։
«Ես այն, ինչ ասեմ հիմա, ասելու եմ ավելի շատ իմ անձնական կարծիքը, որը դեռ այսպես քննարկված չէ։ Իհարկե, դաշինքը ծանրակշիռ մասնակցություն է ունենալու բոլոր գործընթացներում։ Թե լինի ինչ-որ մեկի նախաձեռնությամբ փողոցային պայքար, թե լինեն հերթական կամ արտահերթ ընտրություններ։ Ֆորմատի մասով չեմ կարող հիմա որևէ բան հստակեցնել։ Իմ մոտեցումը հետևյալն է. ամենից պրագմատիկ ֆորմատով պետք է մասնակցել:
Պրագմատիկ ասելով՝ այն ֆորմատը, որը առավելագույն հաջողություն կապահովի այդ պահի դրությամբ։ Ավելի բան հիմա չեմ կարող ասել, որովհետև ես այն մարդը չեմ, որը այսօր մի բան ասեմ, վաղը մյուս բանը, հետո մյուսը: Հետո դուք բերեք, ինձ դեմ տաք, ոնց որ հիմա են անում վարչապետին՝ դու այստեղ այս ասացիր, այն ասացիր: Ես 10 տարի նախագահ եմ եղել, մի դեպք ինձ բերեք, որ ես մի բան ասած լինեմ, հետո մի լրագրող ինձ ասի՝ դու այս բանն ես ասել, բա հիմա էլ ուրիշ բան ես ասում: Դրա համար ինչ որ հիմա ասում եմ, ասում եմ հենց այդ կոնտեքստի մեջ՝ ծանրակշիռ մասնակցություն, ամենից պրագմատիկ ֆորմատ այդ պահի համար»,-ասաց նա:

