Լիբանանն արգելել է իրանական ինքնաթիռի վայրէջքը
Լիբանանի իշխանությունները թույլ չեն տվել իրանական Mahan Air ավիաընկերության ինքնաթիռին վայրէջք կատարել Բեյրութի միջազգային օդանավակայանում, ինչից հետո քաղաքում զանգվածային անկարգություններ են սկսվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Շիա ակտիվիստները, որոնք վրդովված էին Թեհրանից ուխտավորներ տեղափոխող իրանական ինքնաթիռի հետ կապված իրավիճակից, հրկիզել են անվադողեր և աղբամաններ՝ արգելափակելով դեպի օդանավակայան ավտոմայրուղու երթևեկությունը։ Ցուցարարների մեկ այլ խումբ հավաքվել էր օդանավակայանի շենքի մոտ հանրահավաքի, սակայն լիբանանցի զինվորականները փակել են նրանց ճանապարհը։
Շիական «Հեզբոլլահ» շարժման խորհրդարանական խմբակցության պատգամավոր Իբրահիմ Մուսավին հայտարարել է, որ իրանական Mahan Air ավիաընկերության ինքնաթիռի վայրէջքից հրաժարվելու Լիբանանի իշխանությունների որոշումը կայացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշման ներքո։ Նա ելույթ է ունեցել օդանավակայանի շենքի մուտքի մոտ հավաքված ակտիվիստների հանրահավաքում։
«Իսրայելական թշնամին, ԱՄՆ-ի հետ դավադրության մեջ լինելով, շարունակում է զանազան ինտրիգները Լիբանանի դեմ, ինչը, ի թիվս այլ բաների, արտացոլվել է Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանի աշխատանքում: Այս գործողություններն արժանի են խստագույնս դատապարտման, և մենք կոչ ենք անում կառավարությանը ճանաչել իր պատասխանատվությունը՝ երաշխավորելու, որ Լիբանանի ինքնիշխանությունը և բոլոր հասարակական կառույցները պաշտպանված լինեն Իսրայելի ոտնձգություններից», – նշել է պատգամավորը:
Մուսավին հասկացնել է տվել, որ «Հեզբոլլահ»-ն ակնկալում է, որ իշխանություններն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն՝ ապահովելու լիբանանցի քաղաքացիների անհապաղ վերադարձն իրենց հայրենիք:
«Դուք ոչ մի դեպքում չպետք է ենթարկվեք իսրայելական սպառնալիքներին»,- ընդգծել է նա։
Չորեքշաբթի իսրայելական բանակի խոսնակ Ավիչայ Էդրին նախազգուշացրել էր Լիբանանին, որ իրանական ինքնաթիռները, որոնք կանոնավոր և չարտերային թռիչքներ են իրականացնում դեպի Բեյրութ, իբր միջոցներ են մատակարարում «Հեզբոլլահ»-ին, որոնք օգտագործվում են վերջինիս վերազինման համար: Նա պնդել էր, որ դա հրադադարի երկկողմ համաձայնագրի խախտում է։ Լիբանանի տրանսպորտի նախարարությունը հերքել է այս տեղեկությունը։

