Շագանակագեղձի հիվանդությունները տարածված են հատկապես 40 տարեկանից բարձր տղամարդկանց շրջանում. խորհուրդներ՝ մասնագետից

Շագանակագեղձը տղամարդու վերարտադրողական համակարգի գեղձային օրգան է, որը կարևոր դեր է խաղում միզասեռական համակարգի բնականոն գործունեության պահպանման գործում: Շագանակագեղձի հիվանդությունները տարածված են հատկապես 40 տարեկանից բարձր տղամարդկանց շրջանում։

ՀՀ ԱՆ Խորրդատու ուրոլոգիայի գծով Արթուր Գրաբսկին նշել է, որ հիվանդությունների վաղ հայտնաբերումը կարևորագույն նշակություն ունի ինչպես արդյունավետ բուժման, այնպես էլ` բարդությունների կանխարգելման համար:

Որո՞նք են շագանակագեղձի հիմնական հիվանդությունները․

Շագանակագեղձի բարորակ գերաճ (BPH), որը կապված չէ քաղցկեղային փոփոխությունների հետ:
Ախտանիշներն են.
▪հաճախամիզություն` և՛ ցերեկային, և՛ գիշերային ժամերին,
▪ դժվարամիզություն, հատկապես միզարձակության սկզբում,
▪մեզի շիթի թուլացում,
▪ընդհատվող միզարձակություն ,
▪միզապարկի ոչ լրիվ դատարկվելու զգացում։

Ռիսկի գործոններն են․
ժառանգականությունը, տարիքը, հորմոնալ փոփոխությունները, կենսակերպը։

Շագանակագեղձի բորբոքում (պրոստատիտ), որը կարող է լինել սուր կամ քրոնիկ:
Ախտանիշներն են.
▪ցավեր որովայնի ստորին հատվածում,
▪ցավոտ միզարձակություն,
▪դող-սարսուռ, մարմնի ջերմության բարձրացում (սուր պրոստատիտի դեպքում)։

Շագանակագեղձի քաղցկեղ, որը զարգանում է շագանակագեղձի հյուսվածքներից:
Ախտանիշներն են․
▪դժվարամիզություն (թույլ արտահայտված վաղ փուլերում),
▪արյան առկայություն մեզի կամ սերմնահեղուկի մեջ,
▪ոսկորային ցավ, ընդհանուր թուլություն (ուշ փուլերում)։

Ռիսկի գործոններն են.
. 50 տարեկանից բարձր տարիք,
. ժառանգականություն,
. ճարպակալում:

Ինչպե՞ս կանխարգելել շագանակագեղձի հիվանդությունները
1. Առողջ ապրելակերպ. կանոնավոր ֆիզիկական ակտիվություն,  բանջարեղենով, մրգերով և բջջանյութով հարուստ հավասարակշռված սնունդ:
2. Խուսափել ռիսկի գործոններից. սահմանափակել ալկոհոլը, չծխել, խուսափել մրսածությունից։

Շագանակագեղձի հիվանդությունները վաղ հայտնաբերելու նպատակով խորհուրդ է տրվում տարեկան մեկ անգամ այցելել ուրոլոգի, պարբերաբար հետազոտվել, իսկ կանխարգելիչ միջոցառումների իրականացումն առանցքային դեր ունի տղամարդու առողջության պահպանման գործում: