Պետք էր կռվել, բայց դուք դուրս եկաք․ Ալեն Սիմոնյանը՝ արցախցի լրագրողին
«Դուք դուրս եկաք Արցախից, որովհետև անվտանգ չէր, չնայած կարելի էր մնալ և պայքարել, բայց դուք դուրս եկաք»,- փետրվարի 11-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով արցախցի լրագրողի հարցին, թե երբ կարող է վերադառնալ իր հայրենիք։
Լրագրողի դիտարկմանը, թե «այնտեղ մարդիկ մորթվում էին», Ալեն Սիմոնյանը մի քանի անգամ կրկնեց. «պետք էր կռվել»։
«Կարելի էր պայքարել այն զենքերով, որոնք ՀՀ-ն տվել էր, այն քաղաքական սատարումով։ Պետք էր կռվել։ Հայաստանը կռվել է։ Պետք էր այնտեղ իշխանություն փոխել, բերել հաճո իշխանություն, հայտարարել, որ մենք այդ նույն բանն անելու ենք ՀՀ-ում, և օրեր անց ստորագրել այդ հռչակված պետության վերացման մասին»,–հավելեց նա։
Անդրադառնալով արցախահայության վերադարձի հնարավորությանը, նա ասաց.
«Ամեն ինչ կարվի, և դուք կվերադառնաք այնտեղ, երբ անվտանգ կլինի»։
Լրագրողի ճշտող հարցին, թե ե՞րբ անվտանգ կլինի, Սիմոնյանը պատասխանեց․ «Երբ խաղաղության պայմանագիր կկնքենք, և բոլոր հարաբերությունները կկարգավորենք»։

