ՄՔԴ-ի դեմ Թրամփի պատժամիջոցների տակ առաջինն ընկել է դատարանի դատախազ Քարիմ Խանը. Reuters

Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը դարձել է առաջին անձը, որի նկատմամբ մտցվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտոնած տնտեսական պատժամիջոցները եւ գործուղումների արգելքները ռազմական հանցագործությունների տրիբունալի դեմ՝ կապված ԱՄՆ քաղաքացիների կամ ԱՄՆ դաշնակից երկրների քաղաքացիների հետաքննությունների հետ, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին:

Մեծ Բրիտանիայի քաղաքացի Խանի անունը տրվել է ուրբաթ օրը Թրամփի կողմից մեկ օր առաջ ստորագրված հրամանագրի դեռեւս չհրապարակված հավելվածում, Reuters-ին հայտնել են ՄՔԴ բարձրաստիճան պաշտոնյան եւ ԱՄՆ կառավարության պաշտոնյաների կողմից տեղեկացված մեկ այլ աղբյուր:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հրամանագիր էր ստորագրել Միջազգային քրեական դատարանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ մեղադրելով նրան ԱՄՆ-ին եւ նրա մերձավոր դաշնակիցների, հիմնականում՝ Իսրայելի անօրինական հետապնդման մեջ։

Փաստաթղթում ասվում է, որ այն անձանց դեմ, ովքեր մասնակցում են ամերիկացիների կամ նրանց դաշնակիցների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների հանդեպ հետաքննություններին, մտցվում են ֆինանսական եւ վիզային պատժամիջոցներ։