Թրամփի վարչակազմն ամբողջ աշխարհում USAID-ի 10 000 աշխատակիցներից կպահի միայն 294-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID)՝ ամբողջ աշխարհում ունեցած 10 000 աշխատակիցներից պահել միայն 294-ին։ Այս մասին հաղորդում է Reuters -ը՝ վկայակոչելով իրավիճակից իրազեկ չորս աղբյուրի։

Հունվարի 20-ին Թրամփի երդմնակալությունից հետո USAID-ն հայտնվել է ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) ղեկավար նշանակված Իլոն Մասկի ուշադրության կենտրոնում։

Ըստ աղբյուրների՝ գործակալությունում աշխատանքը պահպանող 294 աշխատակիցներից միայն 12-ը կլինեն Աֆրիկայի բյուրոյում, 8-ը՝ Ասիայի բյուրոյում։

USAID-ի ղեկավարներից Ջեյ Բրայան Էթվուդը սա անվանել է անընդունելի՝ հավելելով, որ աշխատակիցների հեռացումը «կսպանի գործակալությունը», որը տասնյակ միլիոնավոր մարդկանց օգնություն է ցուցաբերել ամբողջ աշխարհում։