Զախարովան ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հերթական անգամ հակաադրբեջանական, հակառուսական և հակաիրանական անվանեց
Ռուսաստանը պարբերաբար խոսում է Հայաստանում, այսպես կոչված, ԵՄ դիտորդական առաքելության բացասական վերաբերմունքի և կոնֆրոնտացիոն էության մասին։
Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչպես է Ռուսաստանը գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը երկու տարով երկարաձգելու ԵՄ առաջարկը։
«Այս առաքելության հակաադրբեջանական, հակառուսական, հակաիրանական նպատակներն ակնհայտ են։ Ավելին, դրան միանում են նաև ՆԱՏՕ-ի երկրները։ Ակնհայտ է, որ սա աշխարհաքաղաքական նախագիծ է, որն օգտագործվում է հավաքական Արևմուտքի ներկայությունը տարածաշրջանում ամրապնդելու համար։ Մեզ համար նրա նպատակները պարզ են՝ իրավիճակի ապակայունացում և դրա օգտագործումը Հարավային Կովկասի տարածաշրջանի ժողովուրդների դեմ», – ասաց նա։
ԱԳՆ ներկայացուցիչը հավելեց, որ ԵՄ-ն Հայաստանն օգտագործում է որպես ազդեցություն տարածելու գործիք և դիտորդական առաքելության հովանու ներքո լրտեսական գործունեություն է ծավալում տարածաշրջանում։

