Որոշակի հստակեցում՝ Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի վերաբերյալ
Այդպիսով, ըստ ամենայնի հարկ է որոշակի հստակեցում:
Առավոտյան գրառումով հարց էի շոշափել, թե ի՞նչ մակարդակի փաստաթուղթ է լինելու Վաշինգտոնում ստորագրվողը, որովհետեւ հայտարարությունը, որ ստորագրվելու է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, շատ ընդհանրական է:
Փաստորեն, ստորագրվողը ոչ համաձայնագիր է, ոչ հռչակագիր, այլ հանձնաժողովի կանոնադրություն: Այլ կերպ ասած, ստորագրված փաստաթղթի առնչությամբ ասել, որ Հայաստանն ու ԱՄՆ այլեւս ռազմավարական գործընկերներ են, թերեւս կլինի շատ ձգված:
Համեմատության համար, դա մոտավորապես կլինի նույնը, ինչ ասել, որ ստորագրելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների կանոնադրությունը, նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այլեւս սահմանազատված ու սահմանագծված պետություններ են:
Ըստ այդմ, իր կարեւորությամբ հանդերձ, այդուհանդերձ պետք է թերեւս հանրության մոտ չձեւավորել թյուր տպավորություն եւ արձանագրել, որ խոսքը պարզապես ռազմավարական գործընկերության հարցերի հանձնաժողովի՝ կանոնադրության մասին է:
Իսկ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը, ըստ ամենայնի, դեռ պետք է լինի այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունք:
Հիմա ամենաէականի մասին: Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային: Դա՞ է եղել Վաշինգտոնում ստորագրության պայմանը եւ դրա՞ համար է, որ ըստ էության մինչեւ այսօր առավոտյան պաշտոնապես չէր հայտարարվում, որ լինելու է ստորագրություն:
Ինչու՞ է Հայաստանի միանալու մասին հայտարարվում Վաշինգտոնում ստորագրության արարողությանը, ընդ որում առաջինն այդ մասին փաստորեն հայտնում Էնթոնի Բլինքենը:
Ի՞նչ է ենթադրում միանալը: Ինչպե՞ս է այն արտահայտվելու:
Այստեղ բուն խնդիրն անշուշտ միանալը չէ: Այդ որոշումը բնականաբար անհրաժեշտությունների հարց է, որոնք կարող են լինել շաղկապված: Եթե որոշումը անհրաժեշտ է եղել լոկ պետքարտուղարությունից ստորագրում ստանալու համար, ապա դա մի հարց է, եթե պետք է եղել այս շրջափուլում Հայաստանի շուրջ անվտանգային ռիսկերի կառավարման հարցում գործուն որեւէ աջակցություն ստանալու համար, դա ուրիշ հարց է:
Բայց էականն այն է, որ Հայաստանի հանրությունը փաստացի այդ թեմայով չի ստանում պատշաճ տեղեկատվություն եւ Հայաստանի որոշման մասին առաջինը լսում է այլ երկրի բարձրաստիճան պաշտոնյայից, եւ էական չէ, թե որն է այդ այլ երկիրը: Եվ էական չէ արդեն, որ նրանից հետո Հայաստանի արտգործնախարարն է մեկ րոպե անց կրկնում նույնը:

