«Ադրբեջան-Հայաստան. երկու հակադիր ուղիներ՝ ռազմականացում ընդդեմ խաղաղության»․ հունական Ethnos պարբերականի անդրադարձը

Հունական Ethnos պարբերականում հունվարի 10-ին հրապարակվել է լրագրող Կոստաս Զիսիդասի «Ադրբեջան-Հայաստան. երկու հակադիր ուղիներ՝ ռազմականացում ընդդեմ խաղաղության» հոդվածը, որում հոդվածագիրն անդրադառնում է Հայաստնի դեմ Իլհամ Ալիևի ռազմատենչ հռետորաբանությանը և հանգամանորեն ներկայացնում հայկական կողմի դիրքորոշումները, այդ թվում՝ ՀՀ կառավարության «խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածում, մասնավորապես, նշված է․

«Տարին շատ ակտիվ է սկսվել Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձները կարդալով՝ արդեն նկատվում է հակադրությունը։

Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ սպառնալիքներ է հնչեցնում՝ ատելություն սերմանելով հայերի դեմ, Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացը (հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան փոքր հատվածի սահմանազատումը) ներկայացնելով որպես վերանվաճում առանց պատերազմի:

Կրքերը հազիվ էին հանդարտվել, երբ ընդամենը մի քանի օր անց՝ հունվարի 7-ին, Ադրբեջանի ղեկավարը Հայաստանի դեմ նոր հայտարարություններ արեց, որոնք սպառնում են տարածաշրջանի կայունությանը և ուղղակի վտանգ են ներկայացնում Հայաստանի գոյության համար։

Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նախագահ Ալիևը, ի թիվս այլ հարցերի, ասել է.

«Կարծում եմ, որ տեղին կլինի, որպեսզի ՀՀ վարչապետը հանդիպի Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչների հետ, որքան գիտեմ, նրանք պատրաստ են անգամ Երևան գնալ»:

«Այդ հարցը օրակարգից չի հանվի այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանցիներն անվտանգ պայմաններում չեն հաստատվել Արևմտյան Ադրբեջանում, այդ թվում՝ Արևմտյան Զանգեզուրում»:

Ադրբեջանի նախագահը պնդում է, որ ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքը երբևէ Ադրբեջանին պատկանող հողեր են։ Խաթարելով Հայաստանի ինքնիշխանությունը սեփական տարածքի նկատմամբ՝ նա հայտարարել է, թե. «միջանցքն (առանց հայկական կամ մաքսային հսկողության) իրականություն է դառնալու՝ ուզենա հայկական կողմը, թե՝ոչ»:

2020 թվականին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանն առաջինը սկսեց խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հռչակագրի գրեթե բոլոր հոդվածները։ Ամենակարևոր հոդվածներից մեկը՝ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման մասին, խախտվեց Ադրբեջանի կողմից հռչակագրի ստորագրումից մեկ ամիս անց։ Մյուսները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը, ավելի ուշ կոպտորեն խախտվեցին հանգեցնելով 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի ամբողջական էթնիկ զտմանը։

Յուրովի մեկնաբանելով 2020 թվականի հայտարարությունը՝ Ալիևը ներմուծեց «Զանգեզուրի միջանցք» աշխարհաքաղաքական տերմինը, որն, ըստ Ադրբեջանի ղեկավարի, պետք է գործի արտատարածքային իրավասությամբ։ Սա, ըստ էության, կնշանակի ոտնահարել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, կտրելով այն Իրանից՝ Թուրքիան կապել մնացյալ թյուրքալեզու աշխարհի հետ։

Այս ծավապաշտական ծրագրին պետք է անպայման դիմադրի ոչ միայն Իրանը, այլև ողջ արևմտյան աշխարհը։

Ադրբեջանն այժմ «քաջալերվել է» Սիրիայում Թուրքիայի հաջողություններից և Թրամփի հաղթանակը մեկնաբանում է որպես սեփական էքսպանսիոնիզմի հնարավորություն։ Հարցազրույցում Ալիևը շարունակում է.

«Զանգեզուրի միջանցքը կիրականացնենք անկախ նրանից՝ Հայաստանը ուզում է, թե՝ ոչ»:

Ավելի ու ավելի անզիջում և ծավալապաշտ դառնալով՝ Բաքուն արդեն իսկ ստեղծել է ֆիզիկական ենթակառուցվածք Հայաստանի ներսում իր ծրագրերն իրականացնելու համար. 2021 թվականից ի վեր ադրբեջանական զորքերն առաջ են շարժվել Հայաստանի արևելյան ինքնիշխան սահմանի մոտ․ ռազմավարություն, որը հետազոտողները նկարագրում են որպես «սողացող անեքսիա»:

«Միջանցքի» մասին հայտարարության ամենասկանդալային հատվածն այն է, երբ Ալիևը զգուշացնում է, թե «Հայաստանը չպետք է աշխարհագրական պատնեշ հանդիսանա Թուրքիայի և Ադրբեջանի միջև»։ Սա նշանակում է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիակատար ժխտում, որը բնութագրվում է որպես ինչ-որ «աշխարհագրական արգելք»։ Միջազգային իրավունքում դա համարժեք է casus belli-ի:

Անդրադառնալով աշխարհաքաղաքական փոփոխություններին՝ նա ընդգծում է եղբայրական Թուրքիայի հաջողությունները Մերձավոր Արևելքում, որոնք լավ օրինակ են նաև իր համար։

«Թող Հայաստանի ղեկավարությունը նկատի ունենա, որ Մերձավոր Արևելքում իրենց մերձավոր դաշնակիցը՝ Ասադի բռնապետությունը, արդեն նետվել է պատմության աղբանոցը»։ «Սա շարունակվելու է, ուստի նրանք պետք է ճիշտ քայլ կատարեն»:

Միևնույն ժամանակ, սպառնալով Եվրամիությանը և Հայաստանում դիտորդական առաքելությանը՝ նա նշում է. «Ես չեմ ուզում նրանց ցույց տալ, թե որքան արագ նրանք կարող են հեռանալ այնտեղից, եթե որևէ մեկը պատահաբար փռշտա Ադրբեջանի տարածքում»:

Ամփոփելով նախագահ Ալիևի պատերազմական սադրանքը՝ հստակ է դառնում, որ նա չի ճանաչում Հայաստանի ինքնիշխանությունը և էքզիստենցիալ վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար»:

Կոստաս Զիսիդասն իր հոդվածում անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության դիրքորոշմանն ու ՀՀ վարչապետի և ԱԳ նախարարի պատասխանին Ալիևի այգրեսիվ հայտարարություններին։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալիքներին հայկական կողմը պատասխանել է վարչապետի և արտգործնախարարի մակարդակով։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։