Դպրոցների համար 6500 հեծանիվներ ենք գնել 6 տարբեր ընկերություններից․ Ժաննա Անդրեասյան
Դպրոցների համար 6500 հեծանիվներ ենք գնել 6 տարբեր ընկերություններից, յուրաքանչյուրը՝ 113 000 դրամով: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, 2024 թվականն ամփոփող մամուլի ասուլիսին նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Մենք ունեցել ենք շատ լավ արդյունք։ Եվ այդ գործընթացին վերաբերել ենք շատ մեծ պատասխանատվությամբ։ Երեք անգամ մրցույթ է հայտարարվել, և մրցույթին մասնակցել են վեց տարբեր կազմակերպություններ, և ունեցել ենք բավական մրցակցային գին, մեկ հեծանիվը ձեռք է բերվել 113 000 դրամով:
Եթե դուք այդ հեծանիվի որակական պարամետրերը դիտեք և օրինակ մեր որևէ խանութում շուկայական գները, կտեսնեք, որ դա շատ լավ գին է, իհարկե նաև մեծածախ գին է: Բայց նույնիսկ այդ պարագայում շատ լավ գին է և որակական պայմաններն էլ արդեն փորձարկել ենք, որովհետև հեծանվավազքի մրցույթը տեղի ունեցավ այս տարի, և կարող եմ ասել, որ այդ իմաստով սա մեր հաջողված մրցույթներից մեկն է, որտեղ գին-որակ հարաբերակցության պարագայում իսկապես արդյունավետ գնում ենք արել:
Ընդ որում նախահաշվային գնից բավական էժան մրցութային գնով»,- ասաց նախարարը:

