Տրանսպորտի ուղեվարձի փոփոխության արդյունքում 2025-ին գնաճը կարող է մինչև 0.5 տոկոս կազմել. Մարտին Գալստյան

Տրանսպորտի ուղեվարձի փոփոխության արդյունքում եկող տարվա ընթացքում գնաճը կարող է մինչև 0.5 տոկոս կազմել. դա առավելագույն գնահատականն է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Կենտրոնական բանկում հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ արձագանքելով հարցին, թե 2025թ. հունվարի 1-ից տրանսպորտի գների բարձրացումը ի՞նչ ձևով կազդի գնաճի վրա:

Հարցին, ինչպե՞ս են հունվարի 1-ից տարեկան գնաճի թիրախը 4 տոկոսից նվազեցնում 3 տոկոսի, երբ միայն տրանսպորտի թանկացումից 0,5 տոկոս գնաճ է կանխատեսվում, Մարտին Գալստյանն ասաց. «Մենք թիրախը չենք սահմանում ելնելով այժմեական պատեհությունից: Թիրախը սահմանում ենք մեր ժողովրդի, հասարակության երկարաժամկետ  շահերից ելնելով: Հենց դրա համար էլ սահմանում ենք, որ բիզնեսի համար կանխատեսելիության միջավայրը ավելի լավը լինի,և երկիրը շատ ավելի հրապուրիչ լինի ներդրումների տեսանկյունից»,-ասաց ԿԲ նախագահը: