ՄԻԵԴ-ում ունենք 4 միջպետական գործընթաց՝ ընդդեմ Ադրբեջանի, և կա 2՝ ընդդեմ Հայաստանի. Կիրակոսյան
Եթե նույնիսկ պատրաստվեինք հայց ներկայացնել Ալիևի դեմ, պատկերացնո՞ւմ եք, որ ես ասեի՝ այո, պատրաստվում ենք վաղը չէ մյուս օրը ներկայացնել հայց, մի քիչ ճիշտ չէր լինի, նաև ինձ որպես պետության ներկայացուցչի տեսանկյունից նման բաներ բացահայտելը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Եվրոպական դատարանում ունենք չորս ընդհանուր միջպետական գործընթաց ընդդեմ Ադրբեջանի, և ունենք նաև երկու միջպետական գործընթաց ընդդեմ Հայաստանի: 4 միջպետական գործընթացները Հայաստանի կողմից, որոնք տարվում են ընդդեմ Ադրբեջանի Եվրոպական դատարանում, վերաբերում են 44-օրյա պատերազմի և դրան հաջորդող ժամանակահատվածին, վերաբերում են գերեվարված անձանց նկատմամբ իրականացված ապօրինի դատական պրոցեսներին, ապօրինի ազատությունից զրկելուն, վերաբերում են ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներկայությանը և դրա հետևանքով մարդու իրավունքների կոպիտ խախտումներին, ինչպես նաև վերաբերում են ԼՂ-ից հայերի բռնի տեղահանման և դրան ուղեկցող բոլոր խախտումներին:

