Մալթայում Բայրամով-Միրզոյան հանդիպում չի կայացել ադրբեջանական կողմի պատճառով
Միրզոյան-Բայրամով հանդիպում Մալթայում պլանավորված չէ։ Հայաստանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունից հետո ադրբեջանական ԶԼՄ-ները որոշ մանրամասներ են հրապարակել։
Ըստ այդմ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես է եկել ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ։
«Ինչպես հայտնի է՝ ԱՄՆ-ը հիմա չի մասնակցում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացին։ Այս նախաձեռնությամբ Բլինքենը կրկին ցանկացել է ԱՄՆ-ը ներառել խաղաղ գործընթացում։ Սակայն ադրբեջանական կողմը կտրականապես մերժել է Բլինքենի՝ հանդիպում անցկացնելու առաջարկը»,-նշում է ադրբեջանական աղբյուրը։
Իբր Բայրամովն իր այս որոշումը հիմնավորել է, թե «ընդհանուր առմամբ, Բայդենի վարչակազմն անարդար, կողմնակալ քաղաքականություն է վարում Ադրբեջանի նկատմամբ։ Այդ պատճառով Ադրբեջանն ընդհանրապես չի ուզում ԱՄՆ մասնակցությունը խաղաղության գործընթացին, այն չի համարում խելամիտ»։

