Հույս ունեմ, կխթանվեն համագործակցությունն ու նախագծերը, որոնք կամուրջ կդառնան մեր երկրների միջև․ ՌԴ նախկին վարչապետ

Ողջունում եմ «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումի մասնակիցներին և կազմակերպիչներին։ Այդ մասին ասված է միջոցառման մասնակիցներին ՌԴ նախկին վարչապետ Սերգեյ Ստեպաշինի ուղերձում, որն ընթերցել է «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» զարգացման հիմնադրամի ղեկավար Վալերի Տուրսունովը։

Ուղերձում նաև նշվում է.

«Նման նշանակալից միջոցառման հյուրընկալումն ուղղված է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների մշակութային ընդհանուր տարածքի պահպանմանն ու զարգացմանը և փոխգործակցության ընդլայնմանը։

Նման միջոցառումների կազմակերպումը թույլ է տալիս տեսնել մեր առջև ծառացած խնդիրների կատարման նոր հնարավորություններ, որոնք մենք հանձնառու ենք միասին լուծել։

Համագործակցությունը, որում ներգրավված են կարծիքի առաջնորդներ, քաղաքացիական հասարակություն և բիզնես խմբեր, միշտ տալիս է լավագույն արդյունքները:

Հույս եմ հայտնում, որ ձեր հանդիպումը խթան կհանդիսանա համագործակցությանն ու նախագծերին, որոնք կամուրջ կդառնան մեր երկրների միջև։

Համոզված եմ, որ Ռուսաստան-Հայաստան հանրային համաժողովն արդյունավետ հարթակ կլինի փորձի և գիտելիքի փոխանակման համար՝ մեր ընդհանուր գործի հետագա զարգացման և կատարելագործման համար, և սերտ փոխգործակցությունը հնարավորություն կտա գտնել տարբեր հարցերի լուծման ընդհանուր մոտեցումներ»։