Հնդիկը, եթե ուզի ՀՀ քաղաքացիություն ստանալ, նույն պրոցեսն է անցնում, ինչ արցախցին. Դավիթ Գալստյան
«Թեև նշվում է՝ պարզեցված կարգով են արցախցիները ստանում Հայաստանի քաղաքացիություն, բայց այդքան էլ պարզեցված չէ. հնդիկը եթե ուզի Հայաստանի քաղաքացիություն ստանա, նույն պրոցեսն է անցնում, ինչ արցախցին»,- ԱԺ-ում «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման» հարցերի շուրջ քննարկմանն ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը։
«Երբ, օրինակ, 2004 թվականին հաշվառում փոխելով կարողանում էինք 3-5 օրվա ընթացքում անձնագիր ստանալ, այսօր հաշվառում փոխելով՝ մարդիկ ինչո՞ւ պետք է 45 օր, կամ նույնիսկ ավելի սպասեն, մարդ է եղել, 105-րդ օրը նոր կարողացել է այդ անձնագիրն ստանալ»,- ասաց Դ. Գալստյանը։
Քննարկմանը ներկա ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը նշեց. «Եթե անձը նորից ուզում է ստանա 070 կոդով անձնագիր, դա կտևի 5 աշխատանքային օր, եթե խոսքը գնում է, որ ուզում է ստանալ ոչ թե փախստականի վկայական, այլ ՀՀ քաղաքացու անձնագիր, պետք է անցնի քաղաքացիության շնորհման գործընթացը։ Ինքս էլ գիտեմ դեպքեր, երբ սահմանված 2 ամիս ժամկետից երկար է տևել ծանրաբեռնվածությամբ և մի քանի այլ տեխնիկական պատճառներով։ Ունեցել ենք հատուկենտ դեպքեր, 4 ամիս է տևել, մի քանի տասնյակ դեպքեր՝ 3-4 ամիս, բայց հիմնականում պահել ենք 2 ամիս»։

