Սերունդը պետք է դաստիարակել գաղափարներով, ոչ թե բռնարարքներով․ այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի և Հայ դատի նվիրյալ, ՀԱՀԳԲ նախկին անդամ, մեծանուն հայ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է։
Նա ծնվել է 1957 թվականին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչ հեռու՝ Վայսիլիա ավանում։ Եղել է Արևմտյան Հայաստանում, ուսումնասիրել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության պատմությունը։ Մոնթեի ավարտական թեզը նվիրված է եղել Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը. թեզը պաշտպանել է 1978 թվին։ Արժանացել է կրթաթոշակի՝ Օքսֆորդի համալսարանում դոկտորական պաշտպանելու համար։ Սակայն Մոնթեն Անգլիա չի մեկնում, նա գնում է Արևմտյան Հայաստան՝ Վասպուրականի ժայռափոր դամբարանները և կացարանները չափագրելու և ուսումնասիրելու համար։
1980 թվականից անդամագրվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ կարճ ժամանակում դարձել է նրա ղեկավարներից մեկը։ 1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվել է հայտնի «Վան» ռազմագործողությունը: 1981 թվականի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օռլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվել է կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով։
Նա սկզբում դատապարտվել է 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշել է վտարել նրան Ֆրանսիայից։ Դատարանում Մոնթեն հայտարարել է՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն…»։ 1985 թվականին նա նորից կեղծ անձնագրով ժամանել է Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվել «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով։ Մոնթեն բանտից դուրս է եկել 1989 թվականի հունվարի 16-ին։
1991 թվին, բանտից ազատվելուց հետո, Մոնթեն եկել է Երևան, յոթ ամիս աշխատել է Գիտությունների ակադեմիայում «Հայաստանը և հարևանները» գիրքը գրելու և հրատարակելու նպատակով։ Այստեղ նա ընդունել է Ավո կեղծանունը և 1991 թվականի սեպտեմբերին մեկնել Արցախ:
Նա ղեկավարել է Մարտունու, Քելբաջարի (Քարվաճառ), Աղդամի (Ակնա) ազատագրական ռազմական գործողությունները: Նրա ղեկավարած ամենափայլուն գործողություններից է Օմարի լեռնանցքի նվաճումը։
1993 թվականի հունիսի 12-ին հերոսն ընկել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում:
Հետմահու Մոնթեն արժանացել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային հերոսի կոչման։ Նրա անունով է կոչվում ՀՀ ռազմական քոլեջը, Երևանում նրա անվամբ կան դպրոցներ։
2020 թ. նոյեմբերի 25-ին Մոնթեի ազատագրած Քարվաճառը հանձնվել է թշնամուն:
Մոնթե Մելքոնյանի մտքերից
Սերունդը պետք է դաստիարակել գաղափարներով, ոչ թե բռնարարքներով:
«Ես երդում տված եմ եւ կպատկանամ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ … իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։ … Ես երդում տված եմ… Արցախը իմ առաջին պայքարը չէ, եւ վստահ եմ, որ վերջինը չի ըլլա…»
«Շատ նորմալ բան է, որ հայը գա ու իր հայրենիքը պաշտպանե, իրավունքն է բոլորին ու նաեւ պարտականությունը: Զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկած»։
«Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն…»:
«Ադրբեջանի կառավարությունը հաստատ որոշել է հայերին վտարել, հետևաբար՝ դիմադրելուց բացի՝ այլընտրանք չկա: Մենք իրավունք չունենք այս անգամ էլ պարտվելու: Մենք պետք է հաղթենք»:
«Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է»:
«Առանց հստակ նպատակի և քաղաքական գծի հնարավոր չէ մշակել իրապաշտ ռազմավարություն, իսկ առանց ռազմավարությանё ցանկացած նպատակ անհասկանալի է»:
«Ես այսօր այստեղ եմ, որովհետև իրավունք չունեմ ուրիշ տեղ լինելու: Արցախը կորոշի հայության ճակատագիրը»:
Պետք է ըսեմ, որ Արցախի կորուստը հայ ժողովրդի համար հսկա կորուստ մըն է, որ կրնա մի քանի տասնյակ տարի հետո նշանակել հայ ժողովրդի ամբողջական անհետացում: Եթե ազերիները գրավեն Արցախը, հաջորդ տեղը Զանգեզուրն է: Բոլորս գիտենք, որ Զանգեզուրի վրա հողային պահանջ ունին, պատերազմը կշարունակվի Զանգեզուրի վրա: Եթե Զանգեզուրը վերցուցին, բոլորիս համար հստակ է, թե ինչ պիտի նշանակե մեր հայրենիքի համար: Ամեն մարդ պետք է զգա, թե ինչքան կարևոր է ասիկա, և ամեն մարդ պետք է ամեն ինչ ընե, որ շուտ վերջացնենք այս պատերազմը»: