«Ծիլ» տիկնիկային ստուդիայի սաները Շուշիի մշակութային արժեքները պատկերում են գոբելենային ստեղծագործություններում

Այս ամիս գոբելենի խմբակում մենք կենտրոնացել ենք Արցախի ճարտարապետության հարուստ ժառանգության ուսումնասիրության վրա՝ այն արտացոլելով մեր աշխատանքներում։ Մեր ուշադրության կենտրոնում Շուշի քաղաքի խորհրդանշական կառույցներն են ու մշակութային արժեքները, որոնք խմբակի անդամները մեծ ոգևորությամբ պատկերում են գոբելենային ստեղծագործություններում:

Աշխատանքներում ընդգրկված են Շուշիի պատմական եկեղեցիները, որոնք առանձնանում են իրենց հոգևոր և մշակութային նշանակությամբ, ինչպես նաև քաղաքի ավանդական տները՝ իրենց ազգային ճարտարապետական յուրահատկություններով։ Հատուկ ուշադրություն ենք դարձնում նաև փողոցներին, քաղաքային դարպասներին և այլ խորհրդանշական կառույցներին, որոնք մեր ստեղծագործություններին հաղորդում են պատմական խորություն ու մշակութային արժեք:

Այս թեմայով աշխատելը ոչ միայն օգնում է խմբակի անդամներին կատարելագործել իրենց հմտությունները, այլև հնարավորություն է տալիս ավելի խորը ճանաչելու, վերապրելու և գնահատելու Արցախի հարուստ պատմական ու մշակութային ժառանգությունը։