ՊՆ պարզաբանումը, թե ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում Բանակայինների ԱԱ-ին

Նոյեմբերի 20-24-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի 24 երկրի պատվիրակություն (ավելի քան 400 անձ): Հայաստանի թիմերում չեն ընդգրկվել ուժեղագույն մարզիկները, որոնք ժամկետային ծառայության մեջ են՝ Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Մ23 աշխարհի փոխչեմպիոն Մանվել Խնձրցյանը, Մ23 աշխարհի փոխչեմպիոն Գևորգ Թադևոսյանը և երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Կնյազ Իբոյանը։

Նախօրեին մարզիկներ բարձրաձայնել են իրենց՝ զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը չմասնակցելու մասին՝ նշելով, որ չգիտեն պատճառը։

«Հայաստանը, որպես հյուրընկալող երկիր, առաջնորդվել է ռազմական սպորտի միջազգային խորհրդի կանոնադրության բոլոր կետերի խստիվ պահպանմամբ, որի արդյունքում ընտրվել է այն հավաքական թիմը, որը ներկայացնելու է Հայաստանի Զինված ուժերը»,- այսօր առաջնությանը նվիրված ասուլիսում ասաց ՊՆ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը։

Նրա խոսքով, այլ մարզիկների մրցաշարին ներգրավելու պարագայում իբրև կլինեին բազմաթիվ շահարկումներ։ Հայաստանի Զինված ուժերի հավաքական թիմում, որը ներկայացվելու է այս առաջնությանը, ընդգրկված են հիմնականում մարզական վաշտի ժամկետային զինծառայողները։

Հարցին՝ այդ մարզիկները մարզական վաշտի զինծառայող չե՞ն, Ա. Դավթյանն ասաց. «Նրանք լիարժեք զինծառայողներ են, մարզական վաշտի զինծառայողներ են, սակայն ռազմական սպորտի միջազգային խորհրդի կանոնադրությունը նախատեսած ունի սահմանափակումներ նաև զինծառայողների համար։ Այդ զինծառայողները եթե այսօր չեն մասնակցում աշխարհի առաջնությանը, դա չի նշանակում, որ նրանք չենք կարող մասնակցել աշխարհի հաջորդ առաջնությանը, երբ նրանց տվյալները կհամապատասխանի կանոնադրությամբ սահմանված տվյալներին»։

Իսկ թե ինչպես են ընտրվել զինվորականների աշխարհի առաջնությանը մասնակցող մարզիկները, Ա. Դավթյանն ասաց, որ հաշվի են առնվում երկու ասպեկտ՝ զինվորականներին ներկայացվող պահանջները, նրանց մարզական պահանջները։

«Փորձել ենք ընտրել լավագույններին օրինականության շրջանակում։

Կա թույլատրելիության և ուժեղության հարց։ Թիմի կազմը չի որոշել Ըմբշամարտի ֆեդերացիան։ Թիմի կազմն ընտրվել է կոլեկտիվ՝ պաշտպանության նախարարության մասնագետների և պաշտպանության նախարարության պատասխանտուների միջոցով»,- նշեց նա։

Հայաստանի թիմերը

Հունահռոմեական ոճ

Տիգրան Մինասյան (55 կգ), Սուրեն Աղաջանյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Գասպար Տերտերյան (67 կգ), Շանթ Խաչատրյան (72 կգ), Աշոտ Խաչատրյան (77 կգ), Սամվել Գրիգորյան (82 կգ), Կարեն Խաչատրյան (87 կգ) և Դավիթ Օվասապյան (125 կգ):

Ազատ ոճ

Արման Հարությունյան (57 կգ), Սարգիս Բեգոյան (61 կգ), Անդրանիկ Ավետիսյան (65 կգ), Արտավազդ Հարությունյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Մուշեղ Մկրտչյան (92 կգ) և Հենրիկ Հայկյան (125 կգ):

«Հայաստանի Զինված ուժերի ըմբշամարտի հավաքական թիմը կազմավորվել է ոչ թե այլ երկրների հաշվարկով, այլ կազմվել է իրավական հնարավոր ուժեղագույն թիմը»,- ընդգծեց  ՀՀ ՊՆ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը»։