Ադրբեջանի ճնշման ներքո Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացրած «Իմ քաղցր երկիր» վավերագրական ֆիլմը
Հորդանանը հետ է կանչել հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի՝ 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող «Իմ քաղցր երկիր» վավերագրական ֆիլմը, որն այդ երկրի կինոհանձնաժողովն ընտրել էր «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում ներկայացնելու համար:
Ինչպես տեղեկացնում է Deadline կայքը, Ադրբեջանի կառավարությունը նամակով դիմել է Հորդանանի արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրելով վերանայել ֆիլմի ընտրությունը։ Նախարարությունն էլ իր հերթին ճնշում է գործադրել Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովի վրա՝ ֆիլմը հետ կանչելու համար:
«Երկրորդ հայկական ֆիլմն է, որն Ադրբեջանի սպառնալիքների տակ գրաքննվում է,- գրում է վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը։ Առաջինը Տատյանա Սպիվակովայի «Այն ամենն, ինչ ինձ պետք է» ֆիլմն էր, որը Մարոկկոյի փառատոներից մեկից հանեցին Ադրբեջանի շանտաժների պատճառով։
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը նամակ էր գրել Մարոկկոյի դեսպանատուն՝ իմանալու, թե ինչ-որ բան արել են, որ պաշտպանեն ֆիլմը: Ասել էին՝ ռեժիսորը մեզ չի դիմել:
Հիմա էլ Սարին Հայրապետյանի «Իմ քաղցր երկիր» վավերագրական ֆիլմը, որը Հորդանանը ներկայացրել էր Օսկարի, Ադրբեջանը հասել ա նրան, որ հետ կանչեն ֆիլմը։
ԱԳՆ, դեսպանատներ, հյուպատոսություններ տեր չեն կանգնում հայերի ու հայկական արտադրության ֆիլմերին, մնում ա համայնքները վերցնեն իրանց վրա դիվանագիտական աշխատանքը՝ ֆիլմը պաշտպանելով, պաշտպանեն Հայաստանի քաղաքացիներին արվեստից զզվող վայրենիներից»,- եզրափակում է ռեժիսորը։

