2024-2025 ուստարվա սկզբին համալսարաններում տեղի ունեցած կադրային «ջարդը» կանխատեսում էր բուհական համակարգը տապալող հետագա որոշումների մեծ շղթա

2024-2025 ուստարվա սկզբին համալսարաններում տեղի ունեցած կադրային «ջարդը» կանխատեսում էր բուհական համակարգը տապալող հետագա որոշումների մեծ շղթա:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագիծը օրերս լայն քննարկումների առիթ դարձավ: Չնայած նրան, որ այս օրենքի փոփոխման նախագիծը սկզբից մինչև վերջ թյուրիմացություն է

առանձնացնեմ մի քանի խնդրահարույց կետեր՝

Հոդված 15.5 Լիցենզիայով սահմանվում են բուհում ուսանողների սահմանային քանակը, որը չի կարող պակաս լինել 4000-ից:

Ըստ սույն հոդվածի պետք է փակվի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Ֆիզկուլտ ինստիտուտը և բոլոր այն համալսարանները, որոնք չունեն 4000 ուսանող (ներառյալ մարզի բուհերը): Այստեղ առաջանում են մի շարք հարցեր, կապված ուսանողների ուսման կազմակերպման, պրոֆեսորա-դասախոսական կազմի աշխատանքի կազմակերպման և առհասարակ բուհերի հետագա կարգավիճակի հետ: 2 տարի առաջ ԿԳՄՍՆ-ն առաջ քաշեց համալսարանների միավորման նախագիծ, որը հավանության չարժանացավ ուսանողների կողմից: Հասկանլով, որ նրանց գաղափարը չի կարող այդքան հեշտությամբ կյանքի կոչվել, որոշեցին, որ պետք է մի ամբողջ նախագիծ ներկայացնել և օրենքի փոփոխման հաստ դավթար կազմել, որպեսզի հեշտությամբ հրամցնեն իրենց հակաօրինական որոշումները:

Հոդված 27.6 Ակադեմիական խորհուրդի կազմի ընդհանուր թվի ոչ պակաս քան 40 տոկոսը պետք է կազմեն բուհի ակադեմիական կազմի առաջատար պաշտոններ զբաղեցնող ներկայացուցիչները, այդ թվում համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպությունների գիտական խորհուրդների նախագահները, ոչ պակաս քան 30 տոկոսը՝ միջին ակադեմիական կազմի հիմնական աշխատող հանդիսացող ներկայացուցիչները, ոչ ավել քան 10 տոկոսը՝ ուսանողական համակազմի բարձր առաջադիմություն և ակադեմիական հետագիծ ունեցող ներկայացուցիչները:

Այստեղ պետք է առանձնակի ուշադրություն դարձնել «ոչ ավել քան 10 տոկոս» ձևակերպմանը: Ստացվում է, որ չկա ոչ մի հստակեցում, թե քանի տոկոս կարող է կազմել ուսանողական ներկայացչությունը: Կարող է լինել 3%, 5%, 7%, կարևորը չգերազանցի 10%-ը:

Գիտական խորհուրդը կոլեգիալ մարմին է, որը քննարկում և սահմանված կարգով ընդունում է որոշումներ բուհի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և համակարգման վերաբերյալ: Գիտական խորհրդի որոշումները պարտադիր են բուհի բոլոր ստորաբաժանումների, ֆակուլտետային խորհուրդների, աշխատողների և սովորողների համար: Փաստացի ստացվում է, որ բուհի կառավարման գործում հաշվի չի առնվում ուսանողների ձայնը:

Հոդված 24.3.8 Բուհի և դրա կառուցվածքային միավորների կառավարման գործադիր մարմնում ինչպես նաև ակադեմիական և գիտական խորհուրդներում արգելվում է կուսակցական անձանց ներգրավումը, նման հանգամանքի առաջացումը հիմք է հանդիսանում նշված պաշտոններից անձի ազատման համար՝ տվյալ պաշտոնում նշանակելու կամ առաջադրելու իրավասություն ունեցող մարմնի կողմից՝ նշված հանգամանքի առաջացման մասին իրազեկվելու պահից:

Տիկին նախարարը երևի թե մոռացել է, որ հանդիսանում է Խաչատուր Աբովյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, մոռացել է, որ բուհերի մեծ մասի հոգաբարձուների խորհրդում նախագահում են իրենց կուսակցական դրածոները, և եկեք չմոռանանք, որ այս տարվա սեպտեմբերին մի քանի տասնյակ դասախոսներ հեռացվեցին աշխատանքից իրենց ընդիմադիր հայացքների համար: Հեռացվեցին այն դասախոսները, ովքեր դեմ գնացին բռնապետական ռեժիմին, և տեղն եկած ժամանակ եղան իրենց ուսանողների կողքին: Այս իշխանությունների օրոք բուհերը դարձան քաղաքական խամաճիկներ, իրենց քմահաճույքների բավարարման համար, «ինադ ընկնելով» կրթական համակարգը տարան վերջնական ճահճացման: Եվ ոչ մի նախագիծ չի կարող կարգավորել ներկայիս իրավիճակը, քանի դեռ ԿԳՄՍ նախարարությունը մատնված է հանցավոր անգործության:

Այս ամենի մեջ ես միայն մեկ բանի հետ եմ համաձայն.

Հոդված 20.9 ուսանողն իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր մտքերն ու կարծիքը:

Չեմ մեկնաբանի հետևյալ կետը, քանի որ դեռ այն չի գործում և մենք դեռ չունենք կարծիք արտահայտելու իրավունք, ինչպես ցույց տվեցին մայիսյան դեպքերը:

 

Մանե Արշակյան