Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ այլակարծության համար մարդկանց չէին կալանավորում. Նատալյա Սաղիյան

«Ռեֆորմիստների» կուսակցության փոխնախագահ Նատալյա Սաղիյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջերս տեղեկացանք, որ ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է կառավարության հեղինակած ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ:

Ըստ այդ նախագծի կառավարությունը նախատեսում է կարգավորել արտակարգ կամ ռազմական դրության հայտարարման դեպքում ընտրությունների ընթացքի կասեցման հարցը։ Ըստ այդ փոփոխության, եթե արտակարգ կամ ռազմական դրություն է հայտարարվում ընտրության օրվանից հետո յոթ օրվա ընթացքում, ապա ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, որից հետո ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է նոր քվեարկության կազմակերպում և անցկացում:

Կարծում եմ, ավելորդ է հատուկ շեշտել, որ այս նոր կարգավորումը ունի ԲԱՑԱՌԱՊԵՍ մեկ նպատակ՝ ընդլայնել գործող իշխանության հնարավորություններն իր օգտին շրջել ընտրությունների արդյունքները, եթե հանկարծ ինչ-որ բան այնպես չգնա:

Անկեղծ ասած, արդեն չեմ զարմանում, բայց…

Տեսնես, ինչո՞ւ մինչև 2018 թվականը նման դրույթներ մեր ընտրական օրենսգրքում չեն եղել: Մի՞թե այն ժամանակ իշխանության մեջ մի շուստրի մարդ չգտնվեց, որ այս գաղափարը հուշի: Գուցե և գտնվել են ձեր նման շուստրիներ, ուղղակի մինչև 2018 թվականը մենք երկրի ղեկավար ենք ունեցել, որի համար իրական ժողովրդավարությունն ավելի կարևոր էր, քան իշխանությունը:

Ավելին, այն ժամանակ եթե հանկարծ նման փոփոխությունների նախագիծ սկսեին քննարկել, շատ արագ կստացվեր խիստ բացասական արձագանք զանազան եվրաբյուրոկրատական հիմնարկ-ձեռնարկություններից, որոնց առաքելությունն է հետևել, որպեսզի Հայաստանի նման երկրներում «ժողովրդավարության ուղի» կոչվածից չշեղվեն:

Անյպես որ, զգացեք տարբերությունը:

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ մենք, անկասկած, ունեցել ենք ավելի ժողովրդավար երկիր: Այն ժամանակ այլակարծության համար մարդկանց չէին կալանավորում, ֆեյսբուքյան գրառումների համար չէին ազատազրկում: Եվ, ի տարբերություն այսօր տիրող բարքերին, այն ժամանակ հաստատ բարձրաստիճան պետական պաշտոնյան չէր կարող թքել քաղաքացու վրա ու անպատիժ մնալ»: