Ռազմական էսկալացիայի վտանգ այս պահին չկա. ԳՇ պետ

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանը այսօր ԱԺ-ում լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, որ այս պահին Ադրբեջանի հետ ռազմական էսկալացիայի վտանգ չի տեսնում։

«Իրադրությունն այս պահին սահմաններում համարվում է հարաբերական կայուն»,- ասաց նա։

ԳՇ պետը հավելեց, որ համաձայն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, որ օկուպացված տարածքները պետք է հետ բերել ոչ ռազմական ճանապարհով։

«Սահմանազատման գործընթացով նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վերականգնում` համապատասխան սահմաններով»,– ասաց նա։
Ասրյանը վստահություն հայտնեց, որ դա հնարավոր է անել խաղաղ գործընթացով:

Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 23-ին հայտարարել էր` քանի դեռ չկա ստորագրված, վավերացված խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, ավարտված սահմանազատման գործընթաց, կայունություն, երկարատև խաղաղություն, ՀՀ-ն մտավախություններ ունի Ադրբեջանի հավանական գործողությունների վերաբերյալ։