Երևանի քաղաքապետարանի և «Ցավի բժշկության ազգային ասոցիացիա»-ի միջև ստորագրվել է հուշագիր
Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը հյուրընկալել է բժշկական գիտությունների դոկտոր, նյարդաբանության պրոֆեսոր, գիտնական Յես Օլեսենին:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության և «Ցավի բժշկության ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր:
Ըստ աղբյուրի՝ համագործակցությունը կնպաստի ընթացող կրթական, բժշկագիտական և առողջապահական բարեփոխումներին: Կողմերն իրենց ջանքերը կուղղեն բժիշկների, ուսանողների, դասախոսների, մանկավարժների, գիտական աշխատողների մասնագիտական որակների բարելավմանն ու որակավորման շարունակական բարձրացմանը: Համատեղ ծրագրեր կիրականացվեն ցավի բժշկության ոլորտում՝ կլինիկական գիտության, հանրային առողջության, կրթական համակարգը հզորացնելու նպատակով:

