ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է Ղազախստանի գլխավոր դատախազի տեղակալին

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը 2024 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած՝ Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գալիմժան Կոիգելդիևի գլխավորած պատվիրակությանը:

Եղիազար Ավագյանը ողջունել է հյուրերին ՀՀ գլխավոր դատախազությունում  և կարևորել երկկողմ հանդիպումները՝ որպես իրավական հարցերը քննարկելու արդյունավետ հնարավորություն:

Գալիմժան Կոիգելդիևը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, Համակարգող խորհրդի նիստը Երևանում բարձր մակարդակով կազմակերպելու համար և նշել, որ հայրենիք են վերադառնում Հայաստանում անցկացրած օրերի մասին ջերմ հիշողություններով: