Սահմանազատման գործընթացների հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա. ՀՀ փոխվարչապետ

Սահմանազատման գործընթացների հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա:

Այս մասին այսօր՝ Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Պետք է ավարտենք կանոնակարգի հետ կապված ներպետական ընթացակարգերը»,- պարզաբանել է նա:

Հարցին, թե սահմանազատման գործընթացն իրականացվել է այն պայմաններում, որ թշնամու զինված ուժերը դեռևս շարունակում են գտնվել ՀՀ սուվերեն տարածքում, Գրիգորյանն ասաց, որ սահմանազատման գործընթացի շուրջ պայմանավորվածության հիմնական նպատակն այն է, որ բոլոր նմանատիպ խնդիրները հանգիստ, ֆունդամենտալ, իրավական լուծում ստանան։

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Գրիգորյանը նշեց, որ  հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրեր:

«Կան խնդիրներ հարաբերություններում, և ոչ միայն Ռուսաստանի հետ, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, մենք պետք է փորձենք հավասարակշռել և այդ բոլոր խութերը վերացնել, որովհետև իրավիճակն աշխարհում բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս, ըստ այդմ առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնց բացատրությունները տրված չեն լիարժեք։ Եվ կարծում եմ, որ բացատրությունները պետք է ստանալ և ճիշտ որոշում կայացնել»,-ասել է նա: