Ռուսաստանը դադարեցրել է Աբխազիայի բյուջետային աշխատողների սոցվճարները
Սեպտեմբերի 1-ից ՌԴ-ն դադարեցրել է ուսուցիչների, բժիշկների և ուժային կառույցների սոցիալական վճարները։ Էլեկտրաէներգիայի մատակարարումները նույնպես աշուն-ձմեռ սեզոնին կիրականացվեն կոմերցիոն արժեքով։ Այս մասին լրագրողներին ասել է Աբխազիայի արտգործնախարար Սերգեյ Շամբան, հայտնել է ՏԱՍՍ-ը։
2024թ. մարտին Աբխազիայի խորհրդարանի պատգամավորները վավերացրել էին Աբախզիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Համաձայնագրում փոփոխություններ մտցնելու արձանագրությունը 2022-25թթ. հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագրին աջակցելու մասին։ Արձանագրությունը ենթադրում էր բյուջետային ոլորտի աշխատողների ամենամյա միջին աշխատավարձի հաստատում, որոնք կարող էին ֆինանսավորվել ՌԴ և Աբխազիայի միջոցների հաշվին։ Այդ նպատակների համար 2024թ. նախատեսված է 1 մլրդ 780 մլն ռուբլի։ 2023թ. նոյեմբերին խորհրդարանը վավերացրեց 2020թ. ռուս-աբխազական համաձայնագրի արձանագրությունը, որի համաձայն՝ ծախսերի ֆինանսավորումը երկարացվում էր մինչև 2025թ. դեկտեմբերի 31-ը։
«Սեպտեմբերի 1-ից դադարեցվել է որոշ վճարների ֆինանսավորումը։ Դրանք վերաբերում են բժիշկներին, ուսուցիչներին, ուժային կառույցներին և այլն։ Դրված է նաև էլեկտրաէներգիայի հարցը»,- ասել է Շամբան։ Նա նշել է, որ համապատասխան փաստաթուղթը սեպտեմբերի 2-ին ստացել է վաչապետ Ալեքսանդր Անկվաբը։

