Մեծ Բրիտանիայի վարչապետի վարկանիշը հասել է ռեկորդային ցածր մակարդակի

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի վարկանիշը ռեկորդային ցածր մակարդակի է հասել հուլիսյան ընտրություններում նրա կուսակցության հաղթանակից երկու ամիս անց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է YouGov-ը՝ վկայակոչելով իր կայքում հրապարակված հետազոտության արդյունքները։

«Կիր Սթարմերի պաշտոնավարումից երկու ամիս անց նրա վարկանիշն ընկել է ամենացածր մակարդակին՝ վարչապետ դառնալուց ի վեր», – նշում է աղբյուրը:

YouGov-ի կայքում հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն՝ Բրիտանիայի բնակիչների միայն 35%-ն է դրական գնահատում կառավարության ղեկավարին, մինչդեռ ընտրություններից հետո այդ ցուցանիշը կազմել է 44%։

Հաղորդվում է, որ բրիտանացիների 56%-ը Սթարմերի նկատմամբ անբարենպաստ հայացք ունի։ Քաղաքական գործչի ընդհանուր վարկանիշը, որը ներկայացնում է դրական և բացասական գնահատականի տարբերությունը, կազմել է մինուս 21 միավոր, ինչը նույնպես դարձել է նրա հակառեկորդը՝ փետրվարից սկսած։

«Սակայն, չնայած դրան, Սթարմերի վարկանիշը շարունակում է մնալ ամենաբարձրներից մեկը բրիտանացի քաղաքական գործիչների շրջանում», – հաղորդում է YouGov-ը։

Հետազոտությունն անցկացվել է օգոստոսի 27-28-ը՝ 2164 չափահաս բրիտանացիների շրջանում։