«Ճախրուկ» ամենամյա միջազգային ներառական փառատոնը Տավուշի մարզի Գոշ գյուղում

«Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք» գաղափարախոսությամբ Տավուշի մարզի Գոշ գյուղում տեղի է ունեցել պետության կողմից խնամք և դաստիարակություն ստացող երեխաների ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 4-րդ ներառական փառատոնը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, պետական կառույցների ներկայացուցիչներ, երաժիշտներ ու մշակութային գործիչներ, ՀՀ մարզերի հանրակրթական և արվեստի դպրոցների աշակերտներ և այլ հյուրեր։

Փառատոնին երաժշտական կատարումներով հանդես են եկել Խարբերդի մասնագիտացված և Գյումրու «Երեխաների տուն» հաստատությունների, Երևանի «Մանկան տան», Մարի Իզմիրլյանի, Գավառի մանկատների սաները, «Երևանի Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի երեխաները, «Ձորակ» խնամքի կենտրոնի բնակիչները, հատուկ կրթահամալիրների աշակերտները, խնամատար ընտանիքներում ապրող երեխաները։ Որպես փառատոնի հատուկ հյուրեր միջոցառմանը մասնակցել են նաև «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնի տարեցները, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական հանրապետության հաշմանդամություն ունեցող երեխաները։

Ընդգծելով նմանօրինակ միջոցառումների անցկացումը երեխաների ինքնիրացման և ինքնադրսևորման հնարավորությունների շրջանակում՝ նախարար Նարեկ Մկրտչյանը իր ելույթում կարևորել է բազմատեսակ հարթակների ստեղծման անհրաժեշտությունը արվեստի և երաժշտության լեզվով երեխաներին հնարավորություն տալու խոսելու ընդհանուր թեմաների և հետաքրքությունների շուրջ։ Վերջինիս խոսքով պետք է ոչ միայն հավատալ ու վստահել նրանց կարողություններին և ներուժին, այլև ոգևորել ու աջակցել։

«Իրապես ուրախ եմ, որ ճախրուկցիներն իրենց օրինակով ոգևորում ու ոգեշնչում են ոչ միայն մեր երկրի խնամքի այլ հաստատություններում բնակվող իրենց հասակակիցներին, այլև միջոցառման մասնակից են դառնում նաև այլ երկրների երեխաները։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հետամուտ է լինելու, որպեսզի Ճախրուկի աշխարհագրությունը մեծանա և ավելի շատ մասնակիցներ ունենանք աշխարհի տարբեր երկրներից»,- նշել է նախարարը։

Միջոցառման շրջանակում ընդգծվել է Ճախրուկի հիմնադիրներ Աննա և Անահիտ Մխիթարյաննների կատարած աշխատանքը, նվիրումն ու ներդրած ջանքերը՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց արվեստի ու մշակույթի միջոցով հասարակության մեջ ներառելուն, ովքեր օրինակ են դառնում բոլորի համար իրենց կարողությունների բացահայտմամբ ու անպարտելի ուժով։

Նախարար Նարեկ Մկրտչյանը «Ճախրուկ» խորհրդանիշ է հանձնել Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանին, դաստիարակ մանկավարժ Կարինե Հարությունյանին և Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի երաժիշտ-մանկավարժ Կարինե Մելքոնյանին։

Միջոցառման ընթացքում ներկաները ծանոթացել են նաև երեխաների խնամքի հաստատությունների սաների ձեռագործ աշխատանքներին։