Մեր կռիվը կենացն է․ Սերժ Սրապիոնյան
Նրա այցը մեր խմբագրություն ամենասպասվածներից էր․ իր վարակիչ եռանդով ու լավատեսությամբ, հայերենի կատարյալ մատուցմամբ նա մթնոլորտ էր փոխում։ Չափազանց ծանր էր տանում մեր ազգային ողբերգության ցավը, հավատում էր, որ կտեսնի Հայաստանը՝ ազատագրված ներսի թշնամուց: «Ես աշխարհի ամենադժբախտ մարդը կլինեմ, եթե մեռնեմ, իսկ սրանք շարունակեն պաշտոնավարել ու կործանել… Եթե մի բան էս աշխարհում ինձ պահում է, ապա միայն դրա վերջը տեսնելու ցանկությունը, այսօր միայն այդ փափագն է ինձ ապրեցնողը, միայն ու միայն դա՛…»,- ամեն անգամ զրույցի բռնվելիս ասում էր պարզ, հայոց երկնքի պես զուլալ աչքերով այդ մարդը: Բնականաբար իր հայրենիքի նվիրյալ զավակին ապրեցնողը այնքան ոսոխի մահը չէր, որքան երկրի ապագայի հանդեպ վստահությունը, որ իրենից հետո զավակներին ապահով երկիր է թողնելու: Նա այդպիսին էր, իրեն մեղավոր էր զգում իր երկրին հասած դժբախտության համար։ Այդպես էլ մորմոքված սրտով դեռ 68-ը չբոլորած գնաց մեծ մարդը, իր գործի ու գաղափարի նվիրյալը, արժանապատիվ հայը, մեծ մտավորականը՝ գրականագետ, երկար տարիներ ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանը: Հայի մտավորական, ազնվական տեսակը մեկով պակասեց:
Կյանքի վերջին տարիներին Սերժ Սրապիոնյանը ստիպված էր անողոք պայքար մղել ոչ միայն Հայաստանն ասպատակած հակահայ իշխանությունների, այլև չարորակ հիվանդության դեմ՝ երկու քայքայող ուռուցքների, որոնք կաթիլառկաթիլ արնաքամ էին անում նրա սիրտը, կեղեքում հոգին: Մի առիթով նա անկեղծացավ՝ եթե հրաշքով ճակատագրից մեկ ցանկություն իրագործելու հնարավորություն տրվեր, ո՞րը կլիներ նրա խնդրանքը, նա անգամ չհիշեց իր առողջության մասին: Ուրիշ ի՞նչ ցանկություն կարող էր նա ունենալ Հայաստանի փրկությունից բացի, իր հյուծված մարմինն էլ պատրաստ էր զոհաբերել հանուն այդ առաքելության: Մեկ-մեկ հեռախոսազրույցներում պոռթկում էր՝ երանի մի պայթուցիկ լինեի, ես գիտեի, թե ում դռան մոտ կպայթեի․․․
Հիմա էլ պիտի սովորենք ապրել առանց նրա ֆիզիկական ներկայության:
Իմ հուշերում Սերժ Սրապիոնյանը կմնա որպես հակահայ բոլոր ծրագրերի դեմ իր հայկյան սրով պայքարող առաջամարտիկ: Վտանգված էին Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, հայոց լեզուն, հայոց պատմությունը, Հայ եկեղեցու պատմությունը, հայ գրականությունը, Արցախը, հայի ինքնությունը, նա չէր լռում, արթնացումի կոչ էր հնչեցնում հայ ժողովրդին՝ հույսով, որ իր խոսքն ի վերջո տեղ կհասնի, ու մարդիկ ոտքի կկանգնեն, եթե ուզում են ապրել որպես հայ՝ իրենց աշխարհագրական ու պատմական տարածքում: Վստահ եմ, որ նրա դասերը, հորդորները, կոչերը ի վերջո շատերի սրտերի անտարբերությունն են կոտրել․ նրա առաքելությունն էր ուսուցանելը, կրթելը հայ իրավագիտակից ու հայրենասեր, հայրենակցին հարգող մարդու, ինչն էլ նա հաջողությամբ անում էր իր ալմա մատեր բուհում, որտեղ բարձրագույն կրթություն էր ստացել ու աշխատեց մինչև կյանքի վերջին տարիները:
Հանգչիր խաղաղությամբ, մեր սիրելի Սերժ Սրապիոնյան, ու թող քո երկրային դասերը մեզ առաջնորդեն դեպի ազատության լույսը, որովհետև դուք էիք ասում, որ կենաց ու մահու կռիվ պիտի մղենք, բայց մերը մահունը չէ, այլ կենացը: Ձեր մահը թող նշանավորի հայի հաղթական կյանքը իր պատմական հողում՝ ազատ ու անվրդով:
Թագուհի Ասլանյան

