Ադրբեջանական իշխանությունների կողմից հետապնդումների ենթարկված թալիշ հասարակական գործիչներ

Գեղարդ Հիմնադրամ-ը գրում է.

«Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ տարվող քաղաքականության ուսումնասիրությունն արդիական է և գիտական մեծ կարևորություն ունի։ Ուսումնասիրելով Ադրբեջանում թալիշ ժողովրդի նկատմամբ իրականացվող քաղաքականությունը՝ կարելի է ասել, որ պայքարի սլաքը հիմնականում ուղղված է թալիշ մտավորականների դեմ՝ որպես գաղափարական ղեկավար օղակի։

Ստորև ներկայացվում են Ադրբեջանական իշխանությունների կողմից հետապնդումների ենթարկված թալիշ հասարակական գործիչներ, պատմաբաններ, ակտիվիստներ.

Ֆահրադդին Աբբասով

Ազգությամբ թալիշ գիտնական, պատմաբան, քաղաքագետ Ֆահրադդին Աբբասովը՝ ծնված 1956 թվականին Լերիկի շրջանի Բլաբանդ գյուղում, հեղինակ է թալիշերենով գրված մի քանի բառարանների և այլ ստեղծագործությունների: Ավարտել է Ադրբեջանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը[1], եղել Սանկտ Պետերբուրգում հրատարակվող «Թալիշ» թերթի գլխավոր խմբագիրը[2]:

Աբբասովի ձերբակալության վերաբերյալ կան հակասական տեղեկություններ։ Դեռևս 2019 թվականի մարտի 1-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը (DTX- Dövlət Təhlükəsizliyi Xidməti), Աբբասովի ձերբակալության վերաբերյալ տեղեկություն տարածեց, որտեղ նշվում էր, որ Աբբասովը ձերբակալվել է Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում։ Մինչդեռ վերջինիս հարազատները պնդում են, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները Աբբասովին ձերբակալել են այլ երկրում և տեղափոխել Ադրբեջան՝ 2019 թվականի փետրվարին[3]:

Թալիշների հասարակական խորհրդի այլընտրանքային հաշվետվությունում, որը ուղղված է Եվրոպայի Խորհրդին, նույնպես նշվում է, որ ազգությամբ թալիշ գործիչը ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնությունում և ապա տեղափոխվել Ադրբեջանի Հանրապետություն[4]:

Աբբասովը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 281.2-րդ (բաց կոչեր ընդդեմ Ադրբեջանի տարածքային ամբողջականության), 283.1-րդ (ազգային ատելություն հրահրելու) և 274 (պետական դավաճանություն) հոդվածներով[5]:

Ֆահրադդին Աբբասովը հանդիսանում է թալիշ այն գործիչներից մեկը, ում ադրբեջանական իշխանությունների հրամանով սպանեցին բանտում:

Հարկ է նշել, որ թալիշական լրատվամիջոցները, նախքան Աբբասովի սպանությունը, ահազանգում էին Գոբուստանի բանտում վերջինիս անվտանգության մասին: Ադրբեջանում լուրեր էին տարածվում, իբր Գոբուստանի բանտում, որտեղ պահվում էր Աբբասովը, մոլեգնում է կորոնավիրուսի համաճարակը: Ըստ թալիշների՝ այս լուրերի տարածումը հիմք էր ստեղծում՝ հետագայում վերջինիս սպանությունը պատճառաբանելու համար[6]:

Բանտարկության մեջ գտնվող Աբասովը, կարծես կանխազգալով վերահաս վտանգը, ասել էր. «Այն բանից հետո, երբ ինձ տեղափոխեցին Գոբուստանի բանտ, քննչական մարմինների ներկայացուցիչները եկան ինձ հետ «խոսելու»։ Նրանք ասացին, որ ինձ համար անտանելի պայմաններ են ստեղծելու, ինչի պատճառով ես ստիպված կլինեմ ինքնասպան լինել․․․»[7]:

«Նույնիսկ հիմա իմ կյանքին սպառնացող վտանգ կա։ Ես զգում եմ դա և սպասում ցանկացած պահի։ Այդ իսկ պատճառով ես հայտարարում եմ հետևյալը՝ այն իրադարձությունները, որոնք կկատարվեն ինձ հետ և կհանգեցնեն իմ մահվանը, տեղի են ունենալու իմ կամքին հակառակ։ Ես ուզում եմ՝ իմ բոլոր սիրելիներին և համախոհներին ասել, որ ոչ մի դեպքում չպետք է հավատան, որ ես դիմել եմ ինքնասպանության[8]»։

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը նշում է, թե իբր Ֆահրադին Աբբասովը 2020 թվականի նոյեմբերին 9-ին բանտախցում փորձել է ինքնասպան լինել։ Վերջինիս օգնության են հասել բանտի աշխատակիցները՝ տեղափոխելով հիմնարկի բժշկասանիտարական բաժին[9]:

Որպես ինքնասպանության պատճառ նշվում է, թե Ֆ.Աբբասովը բանտում գտնվելու վերջին շրջանում ադրբեջանական բանակի հաջողությունների պատճառով խորը հոգեբանական ցնցում է ապրել։ Ինքնասպանությունը կատարել է այն ժամանակ, երբ տեղեկացել է Շուշի քաղաքի «ազատագրման» մասին[10]:

Ֆահրադդին Աբբասովը Ադրբեջանի բանտում վերջին տարիներին սպանված թվով երկրորդ թալիշ մտավորականն էր: Նրանից առաջ՝ 2009 թվականին բանտում սպանվել էր թալիշ հետազոտող, բանասեր և պրոֆեսոր Նովրուզալի Մամմադովը[11]:

“Tolışi Sedo” («Թալիշների ձայնը») թերթի հիմնադիր Նովրուզալի Մամմադով

Մամմադով Նովրուզալի Խանմամմադ՝ ծնված 1942 թվականին Ադրբեջանի Աստարայի շրջանի Էրչիվան գյուղում։ Ավարտել է Օտար լեզուների համալսարանի անգլերեն բանասիրության ֆակուլտետը։ Ադրբեջանի Ազգային անվտանգության աշխատակիցների կողմից ձերբակալվել է 2007 թվականին, իսկ 2009 թվականին մահացել ադրբեջանական քրեակատարողական բուժհաստատությունում՝ առեղծվածային մահով[12]։

Մամմադովն աշխատել էր Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի լեզվաբանության ինստիտուտում՝ որպես բաժնի վարիչ և ղեկավարել Թալիշների մշակութային կենտրոնը[13]: Զուգահեռաբար եղել է “Tolışi Sedo” («Թալիշների ձայնը») երկլեզու թերթի խմբագիրը։

2007 թվականին Նովրուզալի Մամմադովը բերման է ենթարկվել, խոշտանգվել, հարցաքննվել՝ իրանական հետախուզության հետ համագործակցելու կասկածանքով[14]: Ն.Մամմադովը 2007 թվականին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն), սակայն իրեն մեղավոր չի ճանաչել[15]։ Սպանվել է բանտում։ Սպանությունից հետո Ադրբեջանի իշխանությունները հետապնդել են վերջինիս ընտանիքի անդամներին:

Մամմադովի ձերբակալությունից հետո անհայտ անձինք դաժան ծեծի են ենթարկել նրա որդուն՝ Քամրան Մամմադովին, ով մահացել էր դեպքի հենց հաջորդ օրը։ Մյուս որդին՝ Էմիլ Մամմադովը, ավտովթարի էր ենթարկվել[16]։ Ընտանիքից ողջ է մնացել Նովրուզալի Մամմադովի կինը՝ Մարիամ Մամմադովան, որը ստիպված լքել է երկիրը և քաղաքական ապաստան խնդրել Նիդերլանդների Թագավորությունում[17]։

Նովրուզալի Մամմադովի և նրա ընտանիքի մասին պատմող «Ընտանիքի ողբերգությունը» ֆիլմը նախատեսվում է ցուցադրել Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում՝ «KIFF» միջազգային կինոփառատոնին[18]։

Երիտասարդ ակտիվիստ Ասլան Գուրբանով

Երիտասարդ ակտիվիստ Ասլան Գուրբանովը ձերբակալվել է սոցիալական ցանցերում ունեցած իր ակտիվության, մեդիա հարթակներում պետության դեմ քարոզչություն իրականացնելու համար՝ 2020 թվականի հուլիսին, իսկ 2021 թվականին դատապարտվել Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից՝ քրեական օրենսգրքի 281-րդ (բաց կոչեր՝ ուղղված պետության դեմ) և 283.1-րդ (ազգային, ռասայական, սոցիալական, կրոնական ատելություն և թշնամանք հրահրելու) հոդվածներով՝ 7 տարի ժամկետով[19]: Մինչ Գուրբանովի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը՝ նրան տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ, որտեղ վերջինս ենթարկվել է խոշտանգումների: Երիտասարդ ակտիվիստը ադրբեջանական իշխանությունների կողմից ներկայացվել է որպես անջատողական։ Ընտանիքի անդամները նշում են, որ նման որակավորումը հիմք կհանդիսանա՝ հետագայում նրա մահը բանտում կազմակերպելու համար[20]:

Թալիշ ակտիվիստ Էլվին Իրշադով

Ազգությամբ թալիշ Էլվին Իրշադովը՝ ծնված 1990 թվականին Աստարայի շրջանում (հետագայում հաստատվել է Լենքորանի շրջանում), ինչպես թալիշ շատ երիտասարդներ, սոցիալական ցանցերում ունեցած իր ակտիվության համար երկար ժամանակ գտնվում էր իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում[21]: Թալիշ երիտասարդը սոցիալական էջերով բարձրաձայնում էր իր ազգի խնդիրների մասին[22]։ Տեսանյութը, որը հրապարակել էր Իրշադովը, պատմում է Ադրբեջանի ներկայիս իշխանությունների կողմից թալիշ ժողովրդին վերաբերվող արժեքների ոչնչացման մասին։ Թալիշ ակտիվիստը ներկայացնում է 1995 թվականին հրատարակված Ադրբեջանի պատմության դասագիրքը, որտեղ նշված է Թալիշի խանությունը՝ դրան հակադրելով ժամանակակից դասագրքերի բովանդակությունը, որտեղ Թալիշի խանությունը անվանափոխված է Լենքորանի խանության[23]:

«Այս դասագիրքը Ադրբեջանի պատմության 9-րդ դասարանի դասագիրք է, որը հրատարակվել է 1995 թվականին և հաստատված է Ադրբեջանի կրթության նախարարության կողմից: Այսինքն՝ հրատարակվել է Հեյդար Ալիևի կառավարման շրջանում: Ինչու՞ եմ ցանկանում անդրադառնալ այս գրքին, քանի որ Ադրբեջանի պատմությունը գրող պատմաբանները վերջին շրջանում պնդում են, որ պատմության մեջ «թալիշ» անունով ոչ մի խանություն և պետական միավոր գոյություն չի ունեցել: Մենք այժմ կտեսնենք թե որքան անհիմն են այդ պնդումները: Այս դասագրքում խանությունների առանձին բաժին կա՝ Երևանի, Նախիջևանի և Թալիշի խանությունները վերնագրով:

Թալիշի խանությունը Սեֆյան պետության կազմում իր ուրույն տեղն էր զբաղեցնում և երբեմն ունենում էր ինքնավարություն: Ինչպես տեսնում եք, գրքում Թալիշի խանությունը առանձին վարչատարածքային միավոր է հիշատակվում․․․

Ես ցանկանում եմ պարզապես հասկանալ, թե 1995 թվականից ի վեր ի՞նչ է փոխվել: Ինչու՞ է Թալիշի խանության անվանումը Լենքորանի խանության անվան տակ խեղաթյուրվում: Ի դեպ, գրքում ոչ մի խանության անվանում փոփոխության չի ենթարկվել, միայն փոփոխվել է Թալիշի խանության անվանումը: Իհարկե, նրանք չեն կարող հիմնավորել այս ամենը, քանի որ չկա համապատասխան հիմնավորում: Իրականում պատասխանը պարզ է. Թալիշի խանությունը և ընդհանրապես թալիշ անվանումը պատմությունից դուրս է թողնվում[24]»,-եզրափակում է իր խոսքը թալիշ ակտիվիստը:

Ասվածից պարզ է դառնում, որ Ադրբեջանում թալիշ ժողովուրդը, և, առհասարակ, այս երկրում բնակվող ազգային փոքրամասնությունները զրկված են իրենց ազգային դիմագիծն ու էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունքից։ Ինչպես փաստերն են վկայում՝ վերջիններս հետևողականորեն պարբերաբար ենթարկվում են հետապնդումների, ձերբակալությունների, խոշտանգումների, եթե հատկապես փորձում են բարձրաձայնել իրենց էթնիկ ինքնության պահպանման, ազատ խոսքի արտահայտման, իրենց քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցերը»։