Վրաստանի նախագահն առաջին անգամ հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ հայց է ներկայացրել երկրի Սահմանադրական դատարան։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում հայտարարել է պետության ղեկավարի խորհրդարանական քարտուղար Գիորգի Մսխիլաձեն։
«Առաջին անգամ Վրաստանի նախագահը հայց է ներկայացնում երկրի Սահմանադրական դատարան։ Հայցը վերաբերում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենք»-ին, այսպես կոչված, ռուսական օրենքին, որը չի համապատասխանում Սահմանադրությանը», – ասել է քարտուղարը:
Մսխիլաձեն հավելել է, որ նախագահը վիճարկում է օրենքի մի քանի նորմեր և որոշ հոդվածներ։ Նրա խոսքով՝ օրենքը հակասում է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածին, ըստ որի՝ իշխանության բոլոր թևերը, իրենց իրավասությունների շրջանակում, պետք է ամեն ինչ անեն հանրապետությունը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրելու համար։
Գործով մեղադրյալը լինելու է խորհրդարանը:
Օրենքը կտարածվի հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների վրա, որոնց ֆինանսավորման ավելի քան 20%-ը ստացվում է արտերկրից։ Նրանցից յուրաքանչյուր տարվա հունվարին պահանջվելու է եկամուտների և ծախսերի հայտարարագիր ներկայացնել արդարադատության նախարարություն։ Այս պարտավորությունը չկատարելու դեպքում նրանց սպառնում է 25 հազար լարի (ավելի քան 9,1 հազար դոլար) տուգանք։ Տուգանքից հետո հայտարարագիրը չներկայացնելու դեպքում ուշացման յուրաքանչյուր ամսվա համար կգանձվի 20 հազար լարի (ավելի քան 7,3 հազար դոլար):
Վրաստանում օրենքի ընդունումն առաջացրել է Արևմուտքի դժգոհությունը։ ԱՄՆ-ը և ԵՄ-ը հայտարարել են Վրաստանի հետ հարաբերությունների վերանայման մասին. ամերիկյան կողմն արդեն չեղարկել է ծրագրված զորավարժությունները, իսկ Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի պաշտպանության նախարարության ֆինանսավորումը։

