Ադրբեջանը ռիսկի է գնում, երբ հայ գերիների գործերն ուղարկում է դատարան․ Արա Ղազարյան
«Նրանք գերիներ չեն, ռազմագերիներ չեն, նրանք քաղաքացիներ են, որ գտնվում են կալանքի տակ, որոնց դեմ հարուցվել է քրեական գործ։ Սա Ադրբեջանի թեզն է, որ մենք առաջ ենք տանում»,- ասաց Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը «Բաքվում պահվող հայ գերիների ճակատագիրն ադրբեջանական դատարաններում» թեմայով քննարկման ժամանակ։
Նա ուշադրություն հրավիրեց նաև «Արցախի ռազմաքաղաքական ղեկավարություն» բառակապակցության վրա, նշելով, որ դրա գործածումը մեր կողմից սխալ է, քանի որ դրանով Ադրբեջանն առաջ է տանում այն նարատիվը, թե ըստ էության քաղաքական ղեկավարությունը ռազմատենչ քաղաքականություն է վարել։
«Սխալ է։ Մենք պետք է ասենք գլխավոր շտաբի ու երկրի առաջնորդների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, որը դեռ դատարան պետք է մտնի։ Դատարանում նրանք լուրջ քննություն պետք է հանձնեն, քանի որ նրանք արդեն մոռացել են, թե ինչ է նշանակում արդար դատաքննությունը։ Մենք պետք է տեսնենք, որ փաստաբանները նստած են նրանց կողքը, ոչ թե նստած են ապակու հետևում, պետք է տեսնենք, որ կարողանում են հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ, բայց վստահ եմ, որ այդ ամենը չի լինի, քանի որ եթե այդ ամենը լինի, ապա դատավարությունը վերահսկողությունից դուրս կգա»,-ասաց Ղազարյանը։
Ղազարյանի խոսքով, Ադրբեջանը ռիսկի է գնում, երբ նման քայլի է գնում, բայց ուզի-չուզի՝ այդ դատավարությունը պետք է իրականացնի։
«Այդ մարդկանց արդար դատաքննության ապահովումը լինելու է Ադրբեջանի հերթական ձախողումը»,-ասաց Ղազարյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ Արցախի ղեկավարության և Բաքվում պահվող մյուս հայերի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունն էլ ուղարկվել դատարան, 15 մեղադրյալի վերաբերյալ գործերը տրվել են մեղադրյալներին ու նրանց փաստաբաններին` ծանոթանալու համար։

