Ինչ են պայմանավորվել Բաքուն և Պեկինը․ «Զանգեզուրի միջանցքի» համար բանակցությունները կրկին կթեժանան
Բաքուն և Պեկինը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բոլոր ոլորտներում, համատեղ պաշտպանել երկու երկրների ընդհանուր շահերը և համատեղ առաջնորդել տարածաշրջանային և գլոբալ խաղաղության, կայունության և զարգացման օրակարգը։ Գրում է Cratos Consult-ը։
Հռչակագրում ամենակարևոր և Հայաստանը շրջանցող կետերից մեկը երկու երկրների պատրաստակամությունն է խորացնել գործնական համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում, ինչպես նաև «միջին միջանցքի» կառուցումը:
«Կողմերը կաջակցեն միմյանց տարածքներով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների անվտանգության ապահովման և անխափան գործունեության ապահովման հարցում, ինչպես նաև բարենպաստ պայմաններ կստեղծեն տարանցիկ երթևեկության համար՝ ազգային օրենսդրության և երկկողմ համաձայնագրերի շրջանակում»,- ասվում է հռչակագրում։
Պեկինը հայտարարել է նաև, որ պատրաստ էակտիվորեն մասնակցել Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի («Միջին միջանցք») կառուցմանը և օգտագործմանը։
Իսկ ի՞նչ նշանակություն ունի այս միջանցքը:
Միջանցքը ուղղակիորեն հնարավորություն է տալիս կապել թյուրքական աշխարհը Չինաստանին:
Զանգեզուրի միջանցքը, որի շուրջ Հայաստանի հետ ընթանում են բանակցություններ, կլինի «Միջին միջանցքի» կարևորագույն երթուղիներից մեկը:
Սրանից կարելի է ենթադրել, որ Զանգեզուրի միջանցքի համար բանակցությունները կրկին կթեժանան, այս անգամ սակայն Ադրբեջանի համար դրական արդյունքի հասնելը ոչ թե հերթական քմահաճույք է, այլ խիստ անհրաժեշտություն:

