Հայաստանն ունի խաղաքարտեր, որոնք դեռ ամբողջությամբ չի խաղարկել. ֆրանսիացի քաղաքագետի հարցազրույցը

Հարավային Կովկասի ներկա աշխարհաքաղաքական դրությունն ու զարգացումները, տարածաշրջանի և տարածաշրջանից դուրս ուժերի մրցակցությունը, երբեմն՝ առճակատումը, միջազգային հանրության և մասնագետների ուշադրության կենտրոնում են։ Ինչպե՞ս են գնահատում տարածաշրջանում առկա իրավիճակը օտարերկրացի քաղաքագետները, ինչպե՞ս են մեկնաբանում Հարավային Կովկասում մասնավորապես Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Արևմուտքի, Իսրայելի և այլոց գործողություններն ու նպատակները։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում աշխարհաքաղաքականության ֆրանսիացի մասնագետ, Փարիզի քաղաքագիտական ֆակուլտետի դասախոս Ֆրեդերիկ Անսելն անդրադարձել է Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին, վերլուծել իրավիճակն ու հետագա հնարավոր զարգացումները։ Անսելի խոսքով՝ թեպետ այսօր աշխարհաքաղաքական կոնյուկտուրայում Հարավային Կովկասը հետաքրքիր է, բայց այն շատ հեռու է կենտրոնական կամ կարևոր լինելուց։ «Այսօր գլոբալ հիմնական խնդիրները Հնդկա-խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանում են, ինչ-որ չափով Մերձավոր Արևելքում, գուցե նաև Քաշմիրը, Աֆրիկայի որոշ տարածքներ հավելենք: Բայց պարզ է, որ Կովկասն այս պահին առաջնահերթություն չէ խոշոր խաղացողների համար և այդպիսին չի դառնա։ Հարավային Կովկասում միջուկային հարց ամեն դեպքում չկա, կան իրացվող բնական ռեսուրսներ, հիմնականում բավականին թույլ։ Ադրբեջանում կա բնական գազ և դեռ մի քիչ նավթ, բայց Վրաստանում և Հայաստանում՝ գրեթե բացակայում են վաճառվող ռեսուրսները։ Շատ փոքր ժողովրդագրության հետ գործ ունենք։ Այստեղ, գուցե, մտածենք Իրանի մասին, որը, իհարկե, տարածաշրջանային տերություն է: Թուրքիան, այո, բայց միայն ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Եթե մի օր Թուրքիան դուրս գա ՆԱՏՕ-ից, ես իրականում չեմ տեսնում, թե ինչպես այն կհամարվի իրական տերություն։ Ռուսաստանը, այո… բայց Ռուսաստանին ավելի շատ հետաքրքրում է Հյուսիսային Կովկասը, հատկապես այն, ինչ կատարվում է արմատական ​​իսլամիզմի առումով»,- մանրամասնեց քաղաքագետը։

Խոսելով տարածաշրջանում առկա պառակտումների և պայթունավտանգ իրավիճակների մասին՝ քաղաքագետ Անսելը նշեց, որ ամենադժվար պառակտումը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև է։ Ըստ քաղաքագետի՝ մեկ այլ շատ ավելի զուսպ պառակտում է  Թուրքիայի և Իրանի միջև Մեղրիի միջանցքի հարցը։ «Իրանը չի ընդունում և, ըստ իս, բացարձակապես երբեք չի ընդունի թուրքական շարունակականությունն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով», ինչպես ցանկանում են Թուրքիան և Ադրբեջանը։ Ռուսաստանն էլ Կովկասում Վրաստանի և Հայաստանի հետ ցանկանում է պահպանել ռեժիմներ կամ ձեռք բերել իր համար բավականին բարենպաստ և իրեն ենթակա ռեժիմներ», – ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ Ռուսաստանի այս քաղաքականությունն էլ խթանում է որոշ արտաքին ուժերի հետաքրքրվածությունը Հարավային Կովկասի նկատմամբ։ «Օրինակ, Ֆրանսիան ավելի ու ավելի ամուր և ավելի ու ավելի ռազմական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին հին ավանդույթի հիման վրա, որը սկիզբ է առել 1915 թվականի Ցեղասպանությունից, գուցե, նույնիսկ ավելի վաղ։ Միացյալ Նահանգները, որ Ջո Բայդենի ձայնով ճանաչել է 1915 թվականին օսմանյան թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը։ Ցանկությունը մեկն է՝ թուլացնել Ռուսաստանին, հատկապես Ուկրաինայի վրա նրա հարձակումից հետո»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։