Հաղթանակը նաև այս ոստիկաններին է, որոնք պատրաստ են նաև մահակներ բարձրացնելու, մեզանից մարդիկ գողանալու․ Բագրատ Սրբազան
«Մեր ընդվզումն ու ցասումը, աղմուկ-աղաղակը մեր ժառանգության հետ նույնանալու մասին է, դրա խոչընդոտը այս իշխանությունն ու դրա ղեկավարն է։ Եվ ցավը հենց դա է»,-հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով, մի բռունցք պետք է լինեինք արտաքին թշնամու դեմ միավորվելու։
«Բայց ի՞նչ տարբերություն արտաքին և ներքին թշնամու միջև։ Ի՞նչ տարբերություն, մեկը զենքով զորքով, մյուսը նրա առաջ ծնկած են եկել մեր տուն։ Մեր ամրոցը ամեն գնով փորձեցին պայթեցնել, չստացվեց, ներսից արվեց դա, ներսից էլ հարցերը պետք է լուծվեն, ոչ ներսից, ոչ թելադրանքով, ոչ պարտադրանքով, այլ մեր կամքով ու ցանկությամբ, մեր նվիրումով ու զոհաբերությամբ, անկախ նրանից, թե այդ մարդիկ ինչ են ասելու»,-ասաց Սրբազանը։
Նա ընդգծեց՝ այսօր շատ վճռական ու կարևոր օր է, մոտ քառասուն օր առաջ Տավուշից դուրս են եկել՝ իրենց նպատակները ծրարած բերելով։
«Չի կարող այլ կերպ լինել, բացի հաղթանակը։ Հաղթանակն անձնական չէ։ Այն հայոց պետությանն է, պետականությանն է, հայ ժողովրդինն է ամբողջության մեջ՝ գիտակցող կամ չգիտակվող, հաղթանակն այս ոստիկաններին է, որոնք պատրաստ են նաև մահակներ բարձրացնելու, մեզանից մարդիկ գողանալու, որոնք պարտադրանքի տակ են ապրում, որոնց սովորեցրել են միայն աշխատավարձ ստանալ, մոռանալ ինքնություն, ընկերություն, բարեկամություն, արժեքներ, պետության ծառայություն, բայց փառք Աստծո, որ այդ ստվար շարքերի մեջ չնչին փոքրամասնություն են այդպես մտածողները»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ հունիսի 9-ից Բաղրամյան պողոտան փակ է: Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ վրաններ է տեղադրել պողոտայում և շուրջօրյա նստացույց հայտարարել:

