Բայդենի որդին մեղավոր է ճանաչվել ապօրինի կերպով զենք ձեռք բերելու գործով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, ատենակալների կողմից մեղավոր է ճանաչվել զենք գնելու ժամանակ անօրինական թմրամիջոցների ազդեցության տակ գտնվելու մեջ։ Այսպիսով, նա դարձել է ԱՄՆ գործող նախագահի առաջին զավակը, որին մեղավոր են ճանաչում հանցագործության մեջ։ Այս մասին հաղորդում է The Hill-ը։
Բայդենի 54-ամյա որդուն մեղավոր են ճանաչել նրա դեմ առաջադրված բոլոր երեք դրվագներով։
Դատավարությանը ներկա են գտնվել նաև ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը, Հանթեր Բայդենի կինը, քույրը և այլ ազգականներ։
Դատավարության ընթացքում մեղադրող կողմը ներկայացրել է Հանթեր Բայդենի մի շարք լուսանկարներ, հաղորդագրություններ, որոնք ցույց են տվել նրա կողմից ալկոհոլի և կոկաինի տարիների չարաշահումը, ինչն անօրինական է դարձրել զենքի ձեռքբերումը։
Դատավճռի կայացման օրը դեռ չի որոշվել, սակայն դա սովորաբար տեղի է ունենում 120 օրվա ընթացքում։ Նրան սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում, բայց փորձագետները քիչ հավանական են համարում, որ նա նման դատավճիռ կստանա։
Որդու դատավարությունից հետո Ջո Բայդենը հայտարարություն է տարածել՝ ասելով, որ կընդունի այդ գործի արդյունքը և կշարունակի հարգել դատական գործընթացը, մինչ Հանթերը դիտարկում է վճիռը բողոքարկելու հարցը։
«Ես նախագահն եմ, բայց նաև հայր եմ», – հայտարարել է Բայդենը։

