Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ո՞ւր է գնում. գյուղապետ
Գյուղի փողոցներում ոստիկաններ են շրջում և անգամ փողոցով քայլող գյուղացուն հարցնում, թե ու՞ր է գնում: Կիրանցի դպրոցում հայտարարված դասադուլ չկա, սակայն ծնողները, ստեղծված իրավիճակով պայմանավորված, երեխաներին դպրոց չեն ուղարկում: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը՝ շեշտելով, որ գյուղի մուտքը շարունակում է երկու կողմից փակ մնալ:
«Առավոտյան մոտեցա ոստիկաններին, խնդրեցի ճանապարհը բացել, որ կողքի գյուղերի ժողովուրդը ստիպված չլինեն այդքան ժամանակ ծախսել ու շրջանցել, ասացին վաղը կբացվի ճանապարհը»,-ասաց գյուղապետը՝ ենթադրելով, որ այսօր նույնպես շարունակվելու են ականազերծման աշխատանքները և ավարտվելու են վաղը:
Նրա խոսքով, ճանապարհը շարունակում է փակ մնալ նաև լրագրողների համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, հանել են ճանապարհին տեղադրված վրանները:
Հիշեցնենք, որ երեկ՝ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում, ոստիկանության մեծ ուժեր էին ժամանել Կիրանց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման էին ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում անչափահասների:
ՆԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում Կիրանց-Խեյրիմլի հատվածում, դրա համար ճանապարհները փակվել են: Թույլ չեն տալիս գյուղ մտնել նաեւ լրագրողներին:

